Մայիսի 6-ին Սիրիայում կրկին բռնկված բողոքի ալիքը այս անգամ 30 հոգու կյանք է խլել, վկայում են ականատեսները: «Անհանդուրժողականության օրը» հազարավոր սիրիացիներ դուրս են եկել փողոցներ` մասնակցելու հակակառավարական ցույցերին:
Insan իրավապաշտպան խումբը հայտնել է, որ նվազագույնը 16 մարդ է սպանվել Հոմս քաղաքում, 6-ը`Համայում և երկուսը` Ջաբլեյում: Ըստ իրավապաշտպանների, զոհերի թիվը 26-ն է, սակայն չի հստակեցվում, թե որտեղ են տեղի ունեցել մյուս սպանությունները:
Մարդու իրավունքների պաշտպան հանդիսացող ակտիվիստները հայտնել են Associated Press-ին 30 մարդկանց մահվան մասին, մինչդեռ Սիրիայի պետական հեռուստաալիքը հաղորդել է, որ Հոմսում 4 մարդ է զոհվել հանցավոր խմբավորման գործողությունների հետևանքով:
«Ալ Ջազիրան» հայտնում է, որ այս բոլոր տեղեկությունները հնարավոր չի եղել ճշգրտել երկրում լրագրողների գործունեության խոչընդոտման պատճառով:
Ցույցի ակտիվիստ Նայաթի Տայարան ասել է, որ անվտանգության ուժերը կրակ են արձակել ցուցարարների ուղղությամբ բողոքի ակցիան կասեցնելու նպատակով:
«Մենք բացականչում էինք` «Ժողովուրդն ու բանակը միասնական են» և «Մարդիկ ցանկանում են փլուզել ռեժիմը», – պատմել է ակտիվիստներից մեկը:
«Ալ Ջազիրայի» թղթակիցը ակտիվիստներից մեկի հետ զրուցելիս հեռախոսով կրակոցներ է լսել, ինչպես նաև մարդկանց բացականչություններ, համաձայն որոնց շենքերի տանիքներին դիպուկահարներ են եղել:
Սիրիայի տեղեկատվության նախարարության խոսնակ Ռիմ Հադադը հերքել է մարդկանց սպանությունների մասին լուրերը:
«Սիրիական իշխանությունները անհանգստացած չեն, որովհետև անհանգստանալու ոչինչ չկա», – հավելել է Հադադը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ասել է. որ պատրաստ է թույլ տալ ՄԱԿ-ի անձնակազմին մեկնել Սիրիա` երկրի հումանիտար վիճակը ստուգելու նպատակով: