Home / Հայաստան / «Բարու հաղթանակը` բարբարոսության նկատմամբ». Սերժ Սարգսյանի ուղերձը

«Բարու հաղթանակը` բարբարոսության նկատմամբ». Սերժ Սարգսյանի ուղերձը

«Մենք տասնամյակներ շարունակ նշում ենք այս տոնը, որը մեր հայրերի ու պապերի սխրանքի արդյունք է: Հաղթանակ, որ բազում արհավիրքներ տեսած Հայաստանին բերեց այնքան սպասված խաղաղություն, բացեց առաջընթացի նոր դռներ, նոր՝ կիրթ ու առողջ սերունդ դաստիարակելու հորիզոն. սերունդ, որ հավատարիմ էր լինելու իր նախնիների երդմանը և կերտելու էր նոր Հայաստան», – այս մասին ասված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ հղած շնորհավորական ուղերձում:

Իր խոսքում երկրի ղեկավարը նշել է, որ հայության համար երկրորդ աշխարահամարտն իսկապես Մեծ Հայրենական պատերազմ էր:

«Հանուն հաղթանակի թե՛ Սփյուռքը, թե՛ Հայաստանը տվեցին՝ ինչ կարող էին: Ե՛վ տարբեր ճակատներում, և՛ դիմադրության ու պարտիզանական շարժումներում, և՛ թիկունքում հայորդիները անձնվիրությամբ ու հերոսությամբ  պսակեցին իրենց անունը: 1992 թվականի մայիսի 9-ը կրկին դարձավ խորհրդանիշ, այս անգամ՝ հայության հաղթանակի, կամքի ու անմահության խորհրդանիշ:

Այսօր և մեկընդմիշտ մենք լիասիրտ տոնելու ենք մեր փառավոր հաղթանակը, որ բարու հաղթանակն է չարի և բարբարոսության նկատմամբ: Արցախի պատմական մայրաքաղաքի ազատագրմամբ հայ ռազմիկը վերադարձավ որպես նոր գիտակցություն և որպես նոր գործոն: Նրանք, որ անմահացան հերոսամարտում, շարունակում են իրենց մեծագույն առաքելությունն իբրև բարոյական և քաղաքական լիցք», – ասել է Սերժ Սարգսյանը:

Նա նշել է, որ Շուշիի ազատագրումն այն բեկումն էր, որ «ցույց տվեց նախ մեզ, ապա մնացյալ աշխարհին, թե ինչ ասել է «դասեր քաղած հայ»»:

«Մենք լռեցրել ենք և, եթե հարկ լինի, այսուհետ և՛ս լռեցնելու ենք բոլոր այն կրակակետերը, որտեղից կրակում են մեր երեխաների և ծնողների վրա: Բայց ես հուսով եմ, որ դրա կարիքն այլևս չի լինելու, ինչի հիմնական երաշխավորներն են հայրենի երկրի խաղաղությունը պահպանող մեր զինվորները:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս տոնի առթիվ: Ամենամեծ հաղթանակը խաղաղությունն է և նրա բարի պտուղները: Մաղթում եմ բոլորիս, որ միասին կարողանանք առավելագույնս իմաստավորել խաղաղության ու կայունության յուրաքանչյուր տարին հանուն մեր գալիք սերնդի, որ վաղը հավատարիմ է լինելու իր նախնիների երդմանը և շարունակելու է կերտել նոր` ավելի լավ Հայաստան»: