Այսօր` ուղիղ կեսգիշերին, Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում կկայանա «Եվրատեսիլ-2011» երգի մրցույթի կիսաեզրափակիչ փուլը, որի ընթացքում հանդես կգա նաև Հայաստանը ներկայացնող երգչուհի Էմմին` իր «Բում-բում» երգով:
Կիսաեզրափակիչում երգչուհու հետ կմրցեն Ալբանիայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Վրաստանի, Լեհաստանի, Ռուսաստանի, Սերբիայի, Շվեյցարիայի, Թուրքիայի, Խորվաթիայի, Ադրբեջանի, Հունաստանի, Հունգարիայի, Լիտվայի, Իսլանդիայի, Սան Մարինոյի և Պորտուգալիայի ներկայացուցիչները:
Երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 12-ին: Իսկ մայիսի 14-ին երկու կիսաեզրափակիչների արդյունքում առաջին 10 տեղերը զբաղեցրած երկրները կմրցեն ուժեղագույնի տիտղոսի համար և հնարավորություն կստանան հաջորդ տարի հյուրընկալել Եվրատեսիլն արդեն իրենց երկրում:
Նշենք, որ այս տարի «Եվրատեսիլ-2011»-ը 43 երկրներ կհյուրընկալի: Վերջին անգամ այսքան մեծ թվով մասնակիցներ են եղել 2008 թվականին:
Ըստ եվրոպական բուքմեյքերների կանխատեսումների` այս տարվա Եվրատեսիլի ֆավորիտը մնում է Ֆրանսիացի Ամուրի Վասիլիի «Սոնյու» երգը: Նրա հաղթանակը տարբեր բուքմեյքերներ գնահատում են 3,5-ից մինչև 4,5 գործակցով: 2-րդ տեղում է Մեծ Բրիտանիան` 9 գործակցով: Էստոնիայի և Գերմանիայի հաղթանակի հնարավորությունը գնահատվում է 11 գործակցով, Իռլանդիայինը` 12, Ադրբեջանինն ու Հունգարիայինը` 14: Էմմիի հնարավորությունները, ինչպես և նախկինում բուքմեյքերները չափազանց ցածր են գնահատում: Նրա գործակիցը տատանվում է 130-ից 150-ի սահմանագծում: