Յուրաքանչյուր երկու տարին մեկ Եվրոպոլ եվրոպական ոստիկանական ծառայությունը զեկույց է հրապարակում, որտեղ վերլուծում է կազմակերպված հանցագործության կողմից Եվրամիության երկրներին սպառնացող վտանգները: Այս տարվա զեկույցում Եվրոպոլը մատնանշում է Շենգենյան տարածքին Ռումինիայի և Բուլղարիայի միացման հետևանքները, ինչպես նաև Ուկրաինայի և Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացման հանգամանքը` նշելով, որ այս փաստը կարող է հանգեցնել կազմակերպված հանցավոր խմբավորումների ակտիվացմանը Եվրամիության երկրների տարածքում:
Զեկույցի հեղինակները հիմնավորում են իրենց պնդումը` վկայակոչելով այն հանգամանքը, որ 2010 թվականի հուլիսին կոկայինի խոշորագույն չափաբաժին է հայտնաբերվել Օդեսսայի նավահանգստում: Ենթադրվում է, որ թմրանյութը պետք է տարածվեր Եվրամիության երկրներում: Փոխադրման ուղին ացնում էր Մոլդովայից դեպի Ռումինիա: Հարցը նրանում է, որ Մոլդովայի շատ բնակիչներ ռումինական անձնագրեր են ստացել, այսինքն փաստացիորեն Եվրամիության քաղաքացի են դարձել: Բացի դրանից, Ուկրաինան համարվում է հարավամերիկյան կոկայինը դեպի Ռուսաստան փոխադրող երկիր:
Եվրոպոլի զեկույցում նշվում է նաև, որ Սև Ծովը նույնպես մեծ դերակատարություն ունի դեպի Եվրոպա թմրանյութի փոխադրման հարցում: Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի և Ուկրաինայի միջոցով հերոինը հասնում է Ռումինիա և Բալթյան երկրներ, որտեղից էլ տարածվում է Եվրամիության երկրներ: