Օբամայի վարչակազմը մոտ է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմը ոչ լեգիտիմ ճանաչելուն: Ինչպես հայտնում է Associated Press-ը, այս մասին հայտարարել են ամերիկյան իշխանությունների ներկայացուցիչները:
«Մենք իսկապես մոտ ենք դրան»,- Սպիտակ տան ներկայացուցիչը հայտնել է գործակալությանը` հավելելով, որ «նման քայլն ԱՄՆ-ին, ինչպես նաև միջազգային հանրությանը կստիպի գործել»:
«Մենք կոչ ենք անում Սիրիայի իշխանություններին դադարեցնել ցուցարարների սպանությունները, չխոչընդոտել խաղաղ ցույցերին, վերջ տալ ձերբակալություններին և կառուցողական երկխոսություն սկսել»,- հայտարարել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Տոները: Նրա խոսքով` Ասադը իր սխալները շտկելու փոքր շանս դեռևս ունի, սակայն «պատուհանը նեղանում է»:
Ավելի վաղ Սպիտակ Տունը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և իրենց միջազգային գործընկերները «հավելյալ քայլեր են ձեռնարկելու» սիրիական իշխանությունների դեմ, եթե վերջիններս չդադարեցնեն անմեղ քաղաքացիների սպանությունները:
Հիշեցնենք, որ վերջին շաբաթների ընթացքում ահագնացած հակակառավարական ցույցերի ընթացքում Սիրիայում հարյուրավոր մարդկիկ են զոհվել: