Սկանդալային Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը ոսկե մեդալի է արժանացել ավստրալական Sydney Peace Foundation իրավապաշտպան կազմակերպության կողմից «մարդու իրավունքների պաշտպանության հարցում բացառիկ խիզախություն ցուցաբերելու համար»: Agence France-Presse–ի փոխանցմամբ` մեդալը իրավապաշտպան հիմնադրամի գլխավոր պարգևն է:
Իր ընտրությունը կազմակերպությունը բացատրել է այն հանգամանքով, որ Ասանժին հաջողվել է «մարտահրավեր նետել կառավարության աշխատանքի դարավոր գաղտնիությանը» և աշխարհի երկրների ղեկավարներին ստիպել ավելի թափանցիկ աշխատել: Նոր լրագրության ձևավորման համար նախադրյալներ ստեղծելով` Ասանժը պաշտպանել է տեղեկատվության տիրապետման քաղաքացիների իրավունքները»:
Ամեն տարի Sidney Peace Foundation-ն աշխարհի խաղաղության մրցանակ է շնորհում տարբեր մարդկանց, իսկ ոսկե մեդալի ողջ պատմության ընթացքում արժանացել են ընդամենը երեք մարդ`Դալայ-Լաման, Նելսոն Մանդելան և ճապոնական բուդդիստների առաջնորդ Դայսակու Իկեդան: