Այսօր «Հրապարակ» օրաթերթն անդրադարձել է երեկ «Մեդիամաքս» գործակալությանը տված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի` ԱԺ-ում հնչած արձագանքներին:
Օրաթերթը, մասնավորաբար, նշում է, որ «Ռոբերտ Քոչարյանին պատասխանելու «բեռը» թերևս ինքնակամ իր վրա վերցրեց ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, ով ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց, որ «Մարտի 1»-ի ճարտարապետը, հոգևոր և ֆիզիկական հայրը Ռոբերտ Քոչարյանն է»:
«Նա է պատասխանատվություն կրում մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների համար: Հրահանգավորելով մարտի 1-ը` Քոչարյանը փորձեց կատարել իր մինիմում ծրագիրը`ունենալ խոցելի իրավահաջորդ: Ստեղծված կացության մեջ Սերժ Սարգսյանը միակ գործիչն էր, որին բացարձակապես ձեռնտու չէր մարտի 1-ը, որովհետև արյան պատասխանատվությունն ի վերջո ընկնելու էր իր վրա: Կազմակերպելով մարտի 1-ը, Քոչարյանին թվում էր, թե հասել է իր նպատակին`խոցելի իրավահաջորդ ունենալու և ստվերային կառավարողի դերում մնալու երազանքին: Սակայն Քոչարյանի հաշվարկում հաշվի չէր առնվել, որ Սերժ Սարգսյանը դիմակայող գործիչ է և Քոչարյանի ակնկալած թույլ իրավահաջորդը չէ: …Եթե չլիներ մարտի 1-ը, ի դեմս Սերժ Սարգսյան-Լևոն Տեր-Պետրոսյանի` միանգամայն հնարավոր «ուժեղ իշխանություն-ուժեղ ընդդիմություն» բանաձևի`սկիզբ կդրվեր Հայաստանում իրական բարեփոխումներին: Հիշեցնեմ, որ դեռևս 2008-ի դեկտեմբերի 12-ին «Ազգ»-ում նշել եմ .«Մարտի 1-ի միակ պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է: …Քոչարյանի քաղաքական վերակենդանացման ջատագովներին հիշեցնեմ, որ նրա իշխանության օրոք են տեղի ունեցել 1999-ի հոկտեմբերի 27-ը, հենց Քոչարյանի հրամանով են իրականացվել 2004-ի ապրիլի 12-ի և 2008-ի մարտի 1-ի հանցագործությունները: Քոչարյանի օրոք նրա հրահանգով խաղաղ ցուցարարների նկատմամբ կատարվեցին 2004-ի ապրիլյան վայրագությունները և 2008-ի մարտի 1-ի սպանդը»»,- Վիկտոր Դալլաքյանի խոսքից հատվածներ է մեջբերում օրաթերթին` հիշեցնելով նաև, որ Ռոբերտ Քոչարյանը «Հրապարակին» դատի է տվել իր «պատիվն ու արժանապատվությունը» վիրավորելու համար (խնդրո առարկա էր «Քոչարյանին ոչնչացում են, Ծառուկյանին` բարձրացնում» հոդվածը – Epress.am)` ամենավիրավորական բառը «արյունռուշտը» համարելով:
«Հետաքրքիր է` Դալլաքյանի վերը նշված հայտարարությունների համար Քոչարյանը դատարան կդիմի՞, չէ որ այս «վիրավորանքները» հնչել են ԱԺ բարձր ամբիոնից` հրապարակավ», – հարց է բարձրացնում օրաթերթը: