Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի կարգադրությամբ մայիսի 3-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վիրաբուժական և վիրահատական բաժանմունքներում աշխատակիցների կողմից թույլ տրված բացթողումների և սխալների հետևանքով անհիմն վիրահատական միջամտություն կատարելու համար աշխատանքից ազատվել են մանկական վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժ Ռ. Անտոնյանը, վիրահատարանի բաժանմունքի վարիչ, անեսթեզիոլոգ Մ. Դալլաքյանը, վիրաբուժական բաժանմունքի բուժքույր Ե. Մաթևոսյանը և վիրահատարանի բուժքույր, անեսթեզիստ Վ. Հայրապետյանը:
Բժշկական կենտրոնի տնօրեն Ն.Դալլաքյանին հայտարարվել է խիստ նկատողություն և առաջարկվել է քննարկել հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը:
Խիստ նկատողություն է հայտարարվել բուժգծով փոխտնօրեն Լ. Գրիգորյանին, մանկության գծով օգնական Ա. Հարությունյանին և մանկական վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժ Ա. Գևորգյանին:
Մանկական վիրաբուժական բաժանմունքի վարիչ Ա. Կարապետյանը և մանկական վիրաբուժական բաժանմունքի ավագ բուժքույր Ա. Հարությունյանը ազատվել են զբաղեցրած պաշտոնից` թողնելով աշխատելու Ա. Կարապետյանին որպես վիրաբույժ և Ա. Հարությունյանին որպես բուժքույր, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը
Ավելի վաղ պարզվել էր, որ Ախուրյանի բնակիչ, 2006թ. ծնված Նարեկ Դանիելյանը 2008թ. «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում թոքի վիրահատության է ենթարկվել: Ծնողները նրան իրենց նախաձեռնությամբ բերել են բժշկական կենտրոն` ներկա առողջական վիճակը գնահատելու:
Միևնույն ժամանակ, վիրահատության է նախապատրաստվել 2004թ. ծնված Էջմիածնի բնակիչ Գևորգ Մովսիսյանը:
Բուժանձնակազմի անփութության հետևանքով վիրահատարան է տեղափոխվել ոչ թե Գևորգ Մովսիսյանը, այլ Նարեկ Դանիելյանը, ում և նախապատրաստել են վիրահատության և շատ արագ կասեցրել: