Մայիսի 10-ին գերմանական Դյուսելդորֆում անցկացվեց Եվրատեսիլ-2011 երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որում 4 համարի տակ հանդես եկավ Հայաստանը ներկայացնող երգչուհի Էմմին Boom Boom երգով: Առաջին կիսաեզրափակիչում 19 երկրներից 10-ը հաջորդ փուլ դուրս եկան, դրանց թվում չկար Հայաստանի ներկայացուցիչը:
Մայիսի 14-ին կայանալիք եզրափակիչի ուղեգիր նվաճեցին Սերբիան, Ռուսաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Հունգարիան, Լիտվան և Հունաստանը: Հայաստանի հետ մեկտեղ պայքարից դուրս մնացին Թուրքիան, Խորվաթիան, Սան-Մարինոն, Լեհաստանը, Նորվեգիան, Ալբանիան, Մալթան և Պորտուգալիան:
Հայաստանն իր մասնակցության պատմության ընթացքում առաջին անգամ ներկայացված չի լինի եզրափակիչ փուլում: Նշենք, որ դեռևս մրցույթից առաջ բուքմեյքերական ընկերությունները չափազանց ցածր էին գնահատում Էմմիի հնարավորությունները՝ դուրս թողնելով նրան լավագույն 25-ի թվից: Էմմիի հնարավոր հաղթանակը ստացել էր 150 գործակից, բուքմեյքերները չէին հավատում նաև նրա եզրափակիչ դուրս գալու հնարավորությանը:
Լուսանկարը՝ Եվրատեսիլ 2011-ի պաշտոնական կայքից: