Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական Ժողովրդական կուսակցության (CHP) փոխնախագահ Օսման Քորություրքը հունիսին կյանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում այցելել է հայկական և հունական պատրիարքարաններ: Հայկական պատրիարքարան կատարած նրա այցելությունը սպասվածից երկար է տևել: Եթե հունական պատրիարքարանում կուսակցության փոխնախագահը կես ժամ է մնացել, հայակական պատրիարքարան նրա այցելությունը տևել է մոտ մեկուկես ժամ: Նրանց հյուրընկալել է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը: Հանդիպումը փակ է եղել մամուլի համար:
Հանդիպումից հետո պատասխանելով Hürriyet Daily News-ի «1915 թվականի իրադարձություններին» վերաբերող հարցին`Քորություրքը ասել է, «Երկու կողմերն էլ տառապանքի միջով են անցել: Անարդար կլիներ ասել, որ այդ ամենը միակողմանի է եղել: Որպես երկու հակառակորդ կուսակցություններ` CHP-ն և Արդարություն և Զարգացում կուսակցությունը (AKP) (Թուրքիայում իշխող կուսակցություն- Epress.am), մենք օրակարգում քննարկման էինք դրել պատմական փաստերի ուսումնասիրման հանձնաժողով հիմնելու առաջարկը: Այդուհանդերձ, Հայաստանի չհաստատեց այդ առաջարկը»:
Իսկ այն հարցին, ինչու CHP-ն չի հաստատել հայ համայնքի ներկայացուցիչ Արև Չեբեչիին որպես պատգամավորի թեկնածություն, Քորություրքը հայտարարել է, որ իրենք մարդկանց չեն տարանջատում ազգային պատկանելության սկզբունքի համաձայն. «Ավելի քան 4300 մարդ էր դիմել, որոնցից հաղթող էին ճանաչվել 550-ը: Եվ թեև մեր կուսակցության կողմից հայի թեկնածություն չի առաջադրվել, մենք, այդուհանդերձ, ազգությամբ հայ քաղաքացիներ ունենք, որոնք պաշտոններ են զբաղեցնում CHP-ի վարչակազմում և տեղական ինքնակառավարման մարմիններում»:
Պարբերականը հետաքրքվել է նաև, թե ինչու է կուսակցության փոխնախագահը ավելի երկար ժամանակ անցկացրել հայկական պատրիարքարանում: Քորություրքը այս հանգամանքը բացատրել է օրակարգում դրված խնդիրների քանակությամբ: «Մենք ընդգրկուն ծրագրեր ունենք` ընտանեկան ապահովագրում, գյուղատնտեսական և տնտեսական ծրագրեր: Այս ծրագրերը ամբողջությամբ կփոխեն երկիրը»:
Ստամբուլի հայկական հիմնադրամերի նախագահներից մեկը` Պետրոս Մարզուպանյանը հանդիպման ժամանակ նշել է, որ CHP-ի նախագահ Քեմալ Քիլիչդարօղլուի վերջին հայտարարությունները վրդովվեցրել են հայ համայնքին: «Որոշ մարդիկ ասում են, որ Քիլիչդարօղլուի մայրը Դերսիմի հայ է և նա փորձել է ապացուցել, որ իր մայրը հայ չէ: Ես կցանկանայի նրան հարցնել, արդյոք հայ լինելը իսկապես այդքան վատ բան է», – ասել է հայ համայնքի ներկայացուցիչը:
Մարզուպանյանն անդրադարձել է նաև խորհրդարանական ընտրություններին հայ թեկնածուների բացակայությանը:
«Նվազագույնը երկու հայ խորհրդարանականներ պետք է լինեն ինչպես կառավարության, այնպես էլ ընդդիմության մեջ: Տարբեր առիթներով ասվում է, որ Թուրքիան խճանկար է: Եթե խորհրդարանն այն վայրն է, որտեղ կարող է ներկայացված լինել այդ խճանկարը, ապա այդ խճանկարի բացակայող հատվածները պետք է լրացվեն` ամբողջական պատկեր ստանալու համար».-ասել է Մարզուպանյանը` ընդգծելով այն փաստը, որ Թուրքիայի 50,000-ոց հայ համայնքը ոչ մի ներկայացուցիչ չի ունենալու խորհրդարանում: