2010 թվականի դեկտեմբերի 10-ին Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հայրապետական կոնդակով ստեղծվեցին Հայ Առաքելական եկեղեցու երկու նոր թեմեր` Տավուշի և Վայոց ձորի: Մինչ այդ` Տավուշը Գուգարաց թեմից «կիսանկախ» վիճակում էր: Տավուշի թեմի խնդիրների մասին է գրում «Առավոտ» օրաթերթը:
«Կարգավիճակի բարձրացումը, սակայն, չլուծեց որոշ հին, ձգձգված հարցեր: 16200 բնակիչ ունեցող առողջարանային քաղաք Դիլիջանը եկեղեցի չունի: Դիլիջանում եկեղեցի կառուցելու համար դեռևս 2006 թվականին բարերարները Մայր Աթոռին 1 միլիոն դոլար են նվիրել, համայնքում էլ ստեղծվել է եկեղեցու կառուցմանն օժանդակող հիմնադրամ` ներգրավելով այլ ֆինանսներ: Բայց Դիլիջանի քաղաքապետարանը եկեղեցու շինարարության հարցում դեռևս Գարեգին երկրորդ կաթողիկոսի հետ վերջնական համաձայնություն ձեռք չի բերել: Այսօր Դիլիջանի Թուֆենկյան թանգարանի մասնաշենքերից մեկում գործում է ժամանակավոր եկեղեցի կամ աղոթատեղի: Դիլիջանցիների վկայությամբ` այստեղ հաճախ արարողություններ է կատարում Շավարշ քահանան, սենյակում նաև մոմեր են վառվում: Իսկ 5 տարի առաջ նվիրված 1 միլիոն դոլարը դեռ բանկում է, որ դժվար չէ հաշվել, թե կլորիկ այս գումարը որքան տոկոսներ է բերել: Դժվար է ասել` ուր են գնացել այդ գումարները:
1997 թվականի հուլիսի 18-ին Նոյեմբերյանի երկրաշարժի հետևանքով քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցին վթարային դարձավ: Ծիսական արարողությունները կատարվում էին եկեղեցուն կից հովվատանը, ուր նեղվածք էր, խնկի ու մոմերի ծուխը խեղդում էր հավատացյալներին: 2009 թվականին ավարտվել է եկեղեցու հիմնանորոգումը, սակայն դեռևս կիսատ և չլուծված են մնում եկեղեցու` որմնանկարներով զարդարման, շրջակայքի բարեկարգման խնդիրները: Եկեղեցու մատույցներում գործում էր 10 հազար վոլտ լարումով էլեկտրական ենթակայան, ինչը վտանգավոր էր: Այն քանդել են, դրա փոխարեն, որպես ժամանակավոր լուծում, բաց տրանսֆորմատոր տեղադրել: Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը հայտնեց, որ եկեղեցու հարևանությամբ տարածք է հատկացվել` նոր ենթակայան կառուցելու համար: Սակայն դեռևս բաց է էլեկտրական ենթակայանի շինարարության ֆինանսավորման հարցը»: