«Եվրատեսիլի» կիսաեզրափակիչում Հայաստանը ներկայացնող Էմմիի ելույթը և նրա` եզրափակիչ չանցնելու փաստը բուռն քննարկումների առիթ են դարձել սոցիալական ցանցերում, այդ թվում` Facebook-ում: Ոմանք Էմմիի ելույթը «խայտառակություն» են համարում, ոմանց կարծիքով էլ` «շատ էլ կարգին ելույթ էր»:
«Ելույթը, որպես այդպիսին, գուցե լավն էր, բայց երգը հեչ բան էր հենց ի սկզբանե: Չնայած Էմմիի պահվածքը բեմում ինձ էլ դուր եկավ` անկաշկանդ էր, համարձակ: Ուղղակի երգը կարար շատ ավելի լավը լիներ: Իրոք, Էմմին լավ ներկայացավ, ես էլ զարմացա և ուրախացա», – նշում է օգտատեր Վիկան:
Թեև քննարկման մասնակիցներն ընդունում են, որ նման մրցույթներին չարժե լուրջ վերաբերվել, սակայն կարծիք հայտնում, որ նույնիսկ անլուրջ երգը պետք է մի փոքր ականջին հաճելի լինի, «իսկ «Բում-Բում»ը լսելիս ոչ մի էսթետիկական հաճույք չես ստանում»:
«Հայաստանում այնքան հիմար են, որ նման անորակ երգ են ուղարկում «Եվրատեսիլ», – գրում է Մոնիկան` Նորվեգիայից:
Ի դեպ, արտերկրում, մասնավորապես, Հոլանդիայում և Բելգիայում գտնվող որոշ օգտատերեր նշում են, որ եվրոպացիները հավանել են Էմմիի երգը և որ այն շատ հայտնի է դիսկո ակումբներում, սակայն աղջիկները բողոքում են, որ հնարավորություն չեն ունեցել քվեարկելու Էմմիի օգտին:
«Չկար կարճ համար, որ քվեարկենք: Բա էլ ոնց անցներ», – գրում է Մագա անունով օգտատերը:
Նշենք, որ կիսաեզրափակիչում քվեարկելու հնարավորություն են ունենում միայն այն երկրները, որոնց ներկայացուցիչները մասնակցում են տվյալ կիսաեզրափակչին, իսկ Հոլանդիան, Բելգիան և Անգլիան Էմմիի մրցութային օրը ներկայացված չէին: