Յեմենի հեղափոխության համակարգող գերագույն խորհուրդը կոչ է արել երկրի բոլոր քաղաքացիներին մեկօրյա հացադուլ հայտարարել` պահանջելով ներկայիս նախագահ Ալի Աբդալի Սալեհի պաշտոնանկությունը, հայտնում է «Ալ Ջազիրան»:
Խորհրդի հատուկ հաղորդագրության մեջ նշվում է, որ «հացադուլի ցույցին կմասնակցեն բոլոր յեմենցիները ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս»:
Ընդդիմադիրները նաև առաջարկում են լայնացնել քաղաքացիական բողոքի ակցիաների շրջանակները և երկրի բոլոր պետական ու կառավարական հաստատությունների «կենդանի շրջափակում» կազմակերպել:
Միաժամանակ Յեմենի հեղափոխության համակարգող գերագույն խորհուրդը ուշադրություն է հրավիրում հատկապես այն հանգամանքի վրա, որ նախատեսվող ակցիաները պետք է բացառապես խաղաղ բնույթ կրեն: