Երևանյան մետրոպոլիտենը ընթացիկ տարվա մեջ արդեն երկրորդ անգամ ենթարկվել է գրաֆիտի «վարպետների» հարձակմանը: Միջադեպն այս անգամ տեղի է ունեցել ապրիլի 28-ի, լույս 29-ի գիշերը «Գարեգին Նժդեհ» կայարանի փակուղում:
Գնացքը նախշազարդվել է երկու կողմից: Գրվածքները ծածկել են գնացքի ինչպես դռները, այնպես էլ պատուհանները: Այս անգամ բացի մեծ գունագեղ գրառումներից, գնացքի հետին հատվածում գրաֆիտիի հեղինակները սպիտակ ներկանյութով գրել են «Yerevan» բառը:
Ինչպես Epress.am-ին հայտնել է մետրոպոլիտենի աշխատակիցներից մեկը, գիշերը երկաթուղային գծերը վերահսկող աշխատակիցները ծուխ են նկատել, սակայն մինչև նրանք կհասնեին գնացքների համար նախատեսված փակուղի, գրաֆիտիի հեղինակները հասցրել են փախչել:
«Կարծում ենք, որ նրանք գնացքների կայանատեղի են հասնում դեռ խորհրդային տարիներից քաղաքի տարբեր հատվածներում թերի կառուցված հորանների միջոցով»,- իր կարծիքն է հայտնել մետրոյի աշխատակիցը:
Նշենք, որ այս տարվա մարտին տեղի ունեցած առաջին դեպքից հետո մամուլի քարտուղար Նինել Վարդանյանը հրաժարվել է առանց տնօրենի գիտության որևէ բան մեկնեբանել: Դրանից երկու շաբաթ անց նա հետևյալ կերպ է պատասխանել միջադեպի վերաբերյալ հարցերին. «Ես հրաժարվում եմ մեկնաբանել: Սա պարզապես աբսուրդ է: Մենք նման հարցերի չենք պատասխանում: Ես չեմ հաստատում այդ միջադեպը»:
Մետրոպոլիտենի վերահսկողությունը խստացնելու, ոստիկանության հավելյալ ուժեր ներգրավելու և գրաֆիտիների հեղինակներին հայտնաբերելու փորձերն ապարդյուն են: Վերջիններս ամեն անգամ կարողանում են հասնել «կտավներին» և իրենց գործն անել: Նրանց աշխատանքի արդյունքները միայն առավոտյան են հայտնաբերվում: