Հայաստանի մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանն այսօր հանդես է եկել կոչ-ուղերձով, որում ազդարարել է «Ազգային ճակատ» նոր քաղաքական ալյանսի ձևավորման մասին:
Ըստ մարքսիստի` դաշինքը ստեղծվել է «ելնելով պատմական քաղաքական անհրաժեշտությունից»:
Հակոբյանն իր նոր ձևավորվող դաշինքի գերագույն խնդիրն է համարում հետևյալը. «Բացառելով ֆինանսական տոտալիտարիզմը, քաղաքական գործամոլությունը` ձերբազատվել կաղապարված խունտիստական կուսակցականության խեցեպատյանից, տորիչելյան դատարկության աստիճանի հասնող գաղափարական հեթանոսությունից և համազգային կադրային բազայի վրա 2012 թ, պառլամենտական ընտրություններում ձևավորել սկզբունքորեն նոր տիպի պառլամենտարիզմի ինստիտուտ, նոր պետական մեքենա, նոր ազգային և նոր տնտեսական քաղաքականությամբ, որը կարող է դառնալ հայ ժողովրդի կենսաբանական և ֆիզիկական անվտանգության երաշխավորը»:
Մարքսիստի խոսքով` սա ազգի պոտենցիալ կարողությունների ու բանականության դաշինք է, որի առաջնորդությունը` առաքյալների սկզբունքով է լինելու: Հակոբյանի կոչ-ուղերձը ավարտվում է հետևյալ խոսքերով. «Ազգի միասնությունը վեր է ամեն ինչից, ազգը վտանգված է, հայե´ր, միաբանվե´ք»:
Լրագրողներին ուղերձն ընթերցելուց հետո Հակոբյանն ասել է, որ իր դաշինքի ձևավորումը կավարտվի մինչև սեպտեմբեր: Բանախոսը նաև նշել է, որ «իշխանությունները որքան էլ բարբաջեն, սեպտեմբերին կլինեն արտահերթ ընտրություններ»:
Լրագրողները հետաքրքրվել են Հակոբյանից, թե ով է ընդգրկվելու դաշինքի մեջ, սակայն նա հարցերին չի պատասխանել և ասել է, որ հարցերի պատասխանները կտրվեն «համագումարի օրը», որը դեռևս որոշված չէ:
Նա հավելել է, որ իրենք «մեծ թափով պատրաստվում են նախընտրական կամպանիայի»: