Մայիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Հադրութի ուղղությամբ, հաղորդում է ԼՂՀ ԱԳ նախարարությունը:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Քրիստո Քրիստովը /Բուլղարիա/ և Վիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա/:
Ադրբեջանի տարածքից դիտարկման առաքելությունը գլխավորում էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ /ԳՆԱՆ/ դեսպան Անջեյ Կասպշիկը: Դիտարկման խմբում ընդգրկված էին ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը /Հունգարիա/ և ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Անտալ Հերդիչը /Հունգարիա/:
Համաձայն հաղորդագրության, դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի: Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Նշենք,սակայն, որ մոնիտորինգի իրականացումից առաջ` երեկ երեկոյան, ԼՂՀ և Ադրբեջանի զորքերի շփման գոտում տրակտորով աշխատելիս ադրբեջանական կողմից արձակված գնդակից գլխի շրջանում ստանալով հրազենային մահացու վնասվածք` Հադրութի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղի 33-ամյա բնակիչ Արայիկ Բալասանյանը:
«Ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը շփման գծի տարբեր ուղղություններում շարունակում են պարբերաբար խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Միայն վերջին երկու օրերի ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից Պաշտպանության բանակի դիրքերը գնդակոծել է ավելի քան 400 անգամ», – նշված է ԼՂՀ Պաշտպանության բանակի կողմից տարածած հաղորդագրության մեջ: