Լրագրողների վիրավորելը տարբեր մակարդակի չինովնիկների համար սովորական է դարձել, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
«Ամենակիրթ ձևակերպված հարցին անգամ հայերեն տառերը չիմացող, իր կոռուպցիոն կենսագրությամբ աչքի ընկած մեկը, ում համար վաղուց է բերդը «լաց լինում», կարող է այնպիսի պատասխան տալ, որ ապշես: Սակայն «վիրավորվում» ու դատարան են դիմում ոչ թե լրագրողները, այլ պաշտոնյաները: Օրերս մեր թղթակիցը հետաքրքվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովից`արդյո՞ք շարունակում են լարված մնալ իր և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հարաբերությունները, ինչին վերջինս պատասխանել է .«Բա ամոթ չի՞ ըտենց բան ես ասում, ամոթ ա ըտենց բան ասելը, դու հիվա՞նդ ես, աղջիկ ջան»»:
Հիշեցնենք, որ այս պահին ընթացքի մեջ է hetq.am կայքի լրագրող Գրիշա Բալասանյանի հայցապահանջի քննությունը` ընդդեմ ԱԺ Հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի, ով լրագրողի պնդմամբ, հայհոյել է իրեն հեռախոսազրույցի ժամանակ: Զրույցի ձայնագրությունը Բալասանյանը փոխանցել է դատախազություն:
Լուսանկարը` hraparak.am