Ազգային ժողովը վերանորոգվեց, և նոր դահլիճում պատգամավորները կանգնեցին փաստի առաջ` հասկանալով, որ այլևս չեն կարողանա համակարգչային խաղերով կարճել նիստերի ծանր ժամերը, քանի որ համակարգիչները հատուկ ծրագրերով են և մոնիտորի վրա պատկերվում են բացառապես տվյալ առօրյայի օրենքների նախագծերը, գրում է «Չորրորդ ինքնխանություն» օրաթերթը:
«Կտրուկ ընկավ պատգամավորների հաճախելիությունը: Մարդիկ գերադասեցին «նստել բժշկի թղթի» վրա, քան գալ ու գերի մնալ Ազգային Ժողովում: Հանրապետական Արեգ Ղուկասյանը, սակայն, հաղթահարել է ԱԺ դահլիճում համակարգչային թղթախաղով զբաղվելու արգելքը և պարզապես հետը կրիչ է բերել: Ընթացող քառօրյայում նրան ուշադիր հետևողները անգամ լրագրողների օթյակից կարող էին նկատել համակարգչին կրիչ միացրած և կլանված «փասիանս» խաղացող Արեգին: Ընդհանրապես, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի եղբայր Արեգն առանց այդ էլ աչքի է ընկնում նիստերի ընթացքում ցուցադրաբար խոսելու սովորությամբ: Ընդ որում, խոսում է բարձրաձայն և ընդգծված արհամարհանքով, այսինքն`«թքած ունի», որ իրեն սաստում են, որ խանգարում է: Նիստը խանգարելու պրոցեսը անպայման ցուցադրական է լինում, որ բոլորը տեսնեն, թե ինքը ինչպես համարձակվեց և կարողացավ (իրենից պահանջվածն) անել: Ամենաքիչը նա շրջվում ու աղմկոտ զրույցի է բռնվում հարևանի` Գագիկ Մինասյանի հետ: Նույն առաքելությունն է իրականացնում նաև Համլետ Հարությունյանը (Բառադի Համո)`նա ոչ թե բարձր է խոսում, այլ ուղղակի գոռգոռում է, նույնիսկ վեր կենում, սկսում քայլել շարքերի միջով: Շատ «պատահաբար»` Արեգի ու Բառադիի խոսելը բռնում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի խոսելու ժամանակ: