Մայիսի 11-ին Հատիս գյուղի բնակիչների և տեղի օլիգարխ ընտանիքի` Ջանվելյանների միջև բախումներ էին տեղի ունեցել, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
«Ըստ ականատեսների` «Արզնի» տոհմային թռչնաբուծական, տոհմաբուծական և խոզաբուծական ընկերությունների նախագահ Մանվել Ջանվելյանի աշխատակիցները Հատիս գյուղից ոչ հեռու գտնվող դաշտում գյուղացիների ուղղությամբ ինքնաձիգներից կրակ էին բացել, ինչին գյուղացիները, չնայած եղել են անզեն, այնուամենայնիվ, համարժեք պատասխան են տվել (գյուղացիների խոսքով` վեճը սկսել է նրանից, որ Մանվել Ջանվելյանի որդին` Մարատ Ջանվելյանը հայհոյել է գյուղացիներին):
Ոստիկանությունը, սակայն, տեղի ունեցածի մեղքը փորձել էր բարդել հասարակ գյուղացիների վրա: Երեկ առավոտյան իրենց տներից ոստիկանության Աբովյանի բաժին բերման են ենթարկել երեք գյուղացիների, այդ թվում` գյուղի դպրոցի պատմության ուսուցչին: Բայց գյուղացիների համառության և պայքարի շնորհիվ (շուրջ 7 տասնյակ գյուղացիներ հավաքվել են ոստիկանության շենքի մոտ) ոստիկանությունը տեղի տվեց, և երեկ ուշ երեկոյան գյուղացիներն ազատ արձակվեցին»:
Ըստ «Հայկական ժամանակի» տեղեկությունների` մայիսի 11-ի միջադեպին ակտիվ մասնակցություն ունեցած Մանվել Ջանվելյանի երկու որդիները ձերբակալվել են: