Էմմիի «Բում-բում»-ը համարվում էր ակնհայտ առաջատար և լուրջ մրցակից բոլոր մասնակիցների համար, ասված է «Եվրատեսիլ-2011» երգի մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի տարածած հայտարարության մեջ:
«Այդ էին վկայում արտասահմանյան մամուլի ամենօրյա անդրադարձները, Գերմանիան ներկայացնող «Եվրատեսիլ-2010» մրցույթի հաղթող Լենայի առանձնահատուկ համակրանքն ու ուշադրությունը մեր երգի նկատմամբ, ինչպես նաև այն, որ ակումբներում առավելապես հնչում էր հենց այս երգը», – ասված է հայտարարության մեջ:
Ըստ Գոհար Գասպարյանի` Էմմիի ելույթն ամբողջական էր և համապատասխանում էր «Եվրատեսիլ»-ի բոլոր չափանիշներին. «Էմմիի պրոֆեսիոնալ կատարումը, հսկա ձեռնոցը, նրա և պարախմբի վառ հագուստները մեծ տպավորություն թողեցին հանդիսատեսի վրա»:
Քվեարկող երկրներն էին Լեհաստանը, Նորվեգիան, Ալբանիան, Թուրքիան, Սերբիան, Ռուսաստանը, Շվեյցարիան, Վրաստանը, Ֆինլանդիան, Մալթան, Սան-Մարինոն, Խորվաթիան, Իսլանդիան, Հունգարիան, Պորտուգալիան, Լիտվան, Ադրբեջանը, Հունաստանը, Իսպանիան և Մեծ Բրիտանիան:
Եզրափակիչ փուլ չանցավ նաև Նորվեգիան, որը նույնպես համարվում էր առաջատար: Այս ամենը դժգոհությունների ալիք է բարձրացրել մամուլում և համացանցում:
«Հայաստանյան պատվիրակությունը իր ներկայացուցչի ելույթը գնահատում է պրոֆեսիոնալ, վառ և հաջողված: Շնորհակալ է բոլոր աջակիցներին, երկրպագուներին, ովքեր քվեարկել են և ցանկացել են տեսնել Հայաստանը եզրափակիչ փուլում:
Հանրային հեռուստաընկերության և Էմմի համագործակցությունը կշարունակվի նոր նախագծերով: Իսկ մնացած հարցերի պատասխանները կտրվեն մամլո ասուլիսի ժամանակ մեր պատվիրակության վերադարձից անմիջապես հետո», – եզրափակում է Գոհար Գասպարյանը: