Հայկական «Գրանդ» հոլդինգը մտադիր է Մինվոդի քաղաքում 3 մլն դոլար ներդնել ծխախոտի արտադրության մեջ: Տարվա վերջին այստեղ 500 նոր աշխատատեղեր կբացվեն, հայտնում է Ստավրոպոլի շրջանի նահանգապետի մամուլի ծառայությունը:
Չի բացառվում, որ Հայաստանի սահմաններից դուրս ծխախոտի գործարանի կառուցումը պայմանավորված է քաղաքական որոշակի գործոններով, նշում է «Էքսպերտ օնլայն» պարբերականը: Վերջին շրջանում ԶԼՄ-ներում լուրեր էին շրջանառվում, թե Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի և պետեկամուտների հանձնաժողովի նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ հարաբերությունների վատթարացման հետ կապված` «Գրանդ-Հոլդինգի» սեփականատեր Հրանտ Վարդանյանն իր բիզնեսը Վրաստան և Ռուսաստան կտեղափոխի:
Այս վարկածների հավաստիությունը որոշակիորեն ամրապնդել էին նաև հենց Վարդանյանի հայտարարություններն այն մասին, որ Վրաստանում բիզնեսի համար ավելի լավ պայմաններ են ստեղծված: Ճիշտ է, Տիգրան Սարգսյանն արդեն հերքել է այդ լուրերը, մի քանի օր առաջ էլ հոլդինգի հիմնադիրներին մեկը` պատգամավոր Միքայել Վարդանյանն էր (Հրանտի որդին – Epress.am) հայտարարել, որ «Գրանդ Հոլդինգը» չի պատրաստվում Հայաստանի բիզնեսը տեղափոխել այլ երկրներ: Սակայն գործարանի կառուցման մասին հայտարարությունը հակառակն է ապացուցում, գրում է պարբերականը: