Home / Հայաստան / Ինչու ԽՍՀՄ-ի փլուզումը սկսվեց Հայաստանից, պատմել է Սերժ Սարգսյանը

Ինչու ԽՍՀՄ-ի փլուզումը սկսվեց Հայաստանից, պատմել է Սերժ Սարգսյանը

Երկու պատճառ կա, որոնցով պայմանավորված էր  Հայաստանի` Խորհրդային Միության փլուզման գործընթացի հարթակներից մեկը լինելու հանգամանքը: Խորհրդային Միության փլուզման 20-ամյակին նվիրված «Մոսկովսկիե Նովոստի» , «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» և «Ռիա Նովոստի» պարբերականների համատեղ նախաձեռնության շրջանակներում անցկացված հարցազրույցի ընթացքում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Առաջին պատճառն այն է, որ, թեև Հայաստանը բուռն կերպով զարգանում էր, այդուհանդերձ մենք ազգային խնդիրներ ունեինք: Մենք ապրում էինք մեծ երկրում, որն իր արտաքին քաղաքականությունը կառուցելիս միշտ չէ, որ հաշվի էր առնում մեր շահերը: Օրինակ, ԽՍՀՄ-ի և Թուրքիայի միջև երկկողմանի հարաբերություններում: Հայերը տարածվեցին ողջ աշխարհով մեկ հիմնականում մեր ազգի հանդեպ իրագործած Ցեղասպանության հետևանքով: Արևմտյան հասարակություններում նրանք հանգիստ խոսում էին այդ մասին, արտահայտվում էին: Հասկանում եք, այդ ամենը մեզ էլ էր հասնում, ինչը նույնպես անդրադառնում էր իրավիճակի վրա:  Հայաստանում շատ վատ էր ընկալվում նման պաշտոնական քաղաքականությունը:

Երկրորդ պատճառը. Խորհրդային իշխանության արևածագին Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության կովկասյան բյուրոն որոշում կայացրեց Հայաստանի կազմից դուրս բերել նրա պատմական տարածքները`Լեռնային Ղարաբաղն ու Նախիջևանը, և փոխանցել Ադրբեջանին: Երբեք, առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղում մենք համաձայն չենք եղել այդ որոշման հետ: Ղարաբաղում մշտապես բողոքել են այդ ապօրինի որոշման դեմ: Գորբաչյովյան վերակառուցման ժամանակաշրջանում այդ բողոքն ավելի շոշափելի դարձավ: Երբ մարդիկ տեսան, որ արդար որոշման հասնելն ամեն դեպքում հնարավոր չէ, նրանք ավելի բուռն կերպով սկսեցին բողոքել»,- հայտարարել է Հայաստանի ղեկավարը: