Home / Հայաստան / Թուրքական մամուլը գրում է Հայոց Ցեղասպանության փաստերի աղավաղման մասին

Թուրքական մամուլը գրում է Հայոց Ցեղասպանության փաստերի աղավաղման մասին

Վերջին շրջանում թուրքական համալսարանների մի շարք  դասախոսներ սկսել են լսարաններում տարբեր տեսանկյունից քննարկել Հայոց Ցեղասպանության հարցը, ինչը վեճերի առիթ է դարձել, քանի որ այս խնդրի վերաբերյալ որոշ դասախոսների բացատրություններում հայերին դատապարտող և ատելություն սերմանող գաղափարներ կան: Այս մասին գրում է թուրքական Today’s Zaman-ը:

Վերջինիս կայքը պատմում է վերջին նման դեպքի մասին, որը գրանցվել է Դիարբեքիրի Դիքլե համալսարանում:

Պրոֆեսոր Յիլմազ Պոլատը մայիսի սկզբին իր 380 ուսանողների հետ կիսամյակային քննություն է անցկացրել: Առաջադրանքներից մեկում հարցեր են եղել, որոնց ուսանողները «ճիշտ» կամ «սխալ» պատասխաններ պետք է տային:

Թուրքական մամուլը խնդրահարույց է համարել հետևյալ հարցը. «Օսմանյան կայսրությունը Հայոց Ցեղասպանություն չի գործել: Կառավարության ոչ լոյալ որոշ հայեր, որոնք համագործակցում էին ռուսների հետ և մերժում էին ծառայել օսմանյան բանակում, մահացել են, հիվանդություններից և ցրտից պարտադրված տեղահանման ընթացքում, որն առաջարկվել էր Գերմանիայի կողմից: Ոմանք գնացել են ռուսների հետ իրենց ոչ լոյալության պատճառով, դրա համար էլ հայկական բնակչությունը Թուրքիայում նվազել է»:

Դասախոսի կողմից առաջադրված այս հարցի վերաբերյալ լուրերն առաջին անգամ հայտնվել են Dicle News Agency-ում և տարածվել են որոշ համացանցային կայքերում և մամուլում երկուշաբթի:

Today’s Zaman-ի հետ զրույցում պրոֆեսորը ասել է, որ ինքը ոչ մի դատողություն չի փաթաթում ուսանողների վզին և որ նրանցից ոչ ոք երբեք նման բողոք չի ներկայացրել: Նա հիմնվել է Թուրքական Պատմական Հասարակություն հետազոտական ինստիտուտի ղեկավար Յուսուֆ Հալաջօղլուի նյութերի վրա: Նշենք, որ Հալաջօղլուն լքել է իր պաշտոնը 2008 թվականին: Նա այն մարդկանց թվում էր, ովքեր ակտիվորեն մերժում են Օսմանյան կայսրության օրոք հայերին նկատմամբ իրականացրած ցեղասպանության փաստը: Նրա հայտարարությունները 1915 թվականի դեպքերի մասին ժամանակին լրատվամիջոցների բուռն արձագանքին էին արժանացել:

Պոլատը նշել է, որ ինքը ջանքեր է գործադրում հայերի դեմ թշնամանքի ձևավորումը կանխելու համար, սակայն միաժամանակ ցանկանում է ուսանողներին ներկայացնել մի շարք փաստեր` կանխելու համար հայկական ցեղասպանության պատճառով Թուրքիայի նկատմամբ ձևավորված միջազգային հանրության բացասական վերաբերմունքի տարածումը:

Թուրքական օրաթերթը ևս մեկ դեպք են ներկայացնում, որը տեղի է ունեցել Ստամբուլի Բուրհան Ֆելեկ բարձրագույն դպրոցում: Ազգային անվտանգության առարկայի ուսուցիչ գնդապետ Սինան Օզը մահացած մարդկանց նկարներ է ցույց տվել լսարանում և նշել է, որ «լուսանկարներում պատկերված են թուրք երեխաներ, որոնց սպանել են հայերը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ»:

Դա տեղի է ունեցել ապրիլի 24-ին նախորդող օրերին: «Ագոս» օրաթերթը գրում է,որ աշակերտներից մի քանիսը ցանկացել են դուրս գալ լսարանից: Նույն դասախոսը նաև նշել է, որ «Թուրքիայում բնակվում են միայն թուրքեր և մահմաեդականներ»: