Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի գրասենյակում ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն ու ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանն ընդունել են Բելգիայում գործող «Հայաստանի Եվրոպական բարեկամներ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին:
Վերջիններս հանդիպումներ են անցկացնում Հայաստանում` նպատակ ունենալով ծանոթանալու երկրում տիրող իրավիճակի հետ, ինչպես նաև հասկանալու համար, թե ինչ մակարդակի վրա է գտնվում ԵՄ–Հայաստան համագործակցությունը:
«Մենք ներկայացրեցինք Հայաստանում տիրող իրավիճակը, բարձր նշանակություն տվեցինք Եվրամիության հետ հարաբերությունների զարգացմանը և համագործակցությունների ակտիվացմանը, բայց նաև նշեցինք, որ ամենագլխավոր խոչընդոտն այդ ուղղությամբ Հայաստանի դեմոկրատիայի վիճակն է: Ըստ էության, այսօր ամենակարևոր չափանիշը, որով Հայաստանը պետք է բարելավի իր համարումը, դա դեմոկրատիան է և մարդու իրավունքների հարգումը, ժողովրդավարական ազատությունների հաստատումը», – հանդիպումից հետո ասել է Զուրաբյանը:
Նրա խոսքով` հանդիպման ժամանակ ներկայացվել է նաև Կոնգրեսի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների հարցում, խոսվել է Ռուսաստանի հետ հարաբերությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին:
«Մենք պարզ ներկայացրեցինք, որ այսօր, ըստ էության, պայքար է գնում` ժողովրդի պայքարը, հասարակության պայքարը Հայաստանի բռնապետությունը ապամոնտաժելու և ժողովրդավարական հասարակություն կառուցելու ուղղությամբ», – նշել է Զուրաբյանը: