Home / Հայաստան / Ամերիկահայ փաստաբանը 64 միլիոն դոլար է պահանջում Թուրքիայից

Ամերիկահայ փաստաբանը 64 միլիոն դոլար է պահանջում Թուրքիայից

Ամերիկահայ իրավաբան Վարդգես Եղիայանը երեք քաղաքացիների պահանջով  դատական հայց է ներկայացել Թուրքիայի կառավարության դեմ: Միացյալ Նահանգները Թուրքիային 21 օր ժամանակ են տվել արձագանքելու համար սույն դատական հայցին, հաղորդում է Hurriyet Daily News-ը:

Հայցվոր կողմը 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից բռնագրավված իրենց սեփականության դիմաց փոխհատուցում է պահանջում: 64 միլիոն դոլար արժողությամբ դատական գործը վերաբերում է ԱՄՆ օդային ուժերի կայանի մոտ` Ադանա շրջանի Ինչիրլիկ տարածքում գտնվող իրենց սեփականությանը:

Վարդգես Եղիայանն այս գործն իր պատասխանատվության տակ է վերցրել Ռիտա Մահտեսյանի, Անաիս Հարությունյանի և Ալեքս Բակալյանի խնդրանքով:

«Այս գործի համաձայն, հայցվոր կողմը կարող է դատի տալ Թուրքիայի Հանրապետությանը, Թուրքիայի Կենտրոնական բանկին և Զիրաթ բանկին, ինչը  պայմանավորված է հետևյալ հանգամանքներով. Թուրքիան միջազգային օրենք է խախտել և ապօրինաբար սեփականացրել է ուրիշին պատկանող գույքը, Թուրքիան նաև խախտել է սեփական սահմանադրության օրենքները և Լոզանի պայմանագիրը»,- ասել է Եղիայանը:

«Մենք կապվել ենք սեփականության նման պահանջ ունեցող ևս 15 անձանց հետ, և հույս ունենք, որ մոտակա ամիսների ընթացքում նրանք ևս կմիանան այս գործին»,- նշել է փաստաբանը: