Այսօրվանից Տիգրան Մեծ պողոտայում բացօթյա առևտուր իրականացնողներին թույլատրվել է իրենց առևտուրը ժամանակավորապես իրականացնել «Ռոսիա» տոնավաճառի հարևանությամբ գործող գետնանցումի աստիճանների վրա: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Երևանի կենտրոն վարչական շրջանի առևտրի բաժնի աշխատակից, առաջատար մասնագետ Արման Հովհաննիսյանը:
«Դրանից հետո մինի-շուկան կհատկացնեն և նրանք կտեղափոխվեն մինի-շուկա: Դեռ հայտնի չէ` երբ կկառուցվի մինի-շուկան: Սակայն մինչ այդ, այստեղ առևտրականները լիարժեք կարող են առևտուր անել»,- նշել է Հովհաննիսյանը: Վերջինս նաև ասել է, որ ոչ բոլոր առևտրականներն են ընդունել իրենց առաջարկած վայրը: «Խնդիրն իրենց մեջ է, որ չեն ուզում մի հարյուր մետր գալ այս կողմ, սովորել են իրենց տեղին, զուտ դա է խնդիրը»,- ասել է Արման Հովհաննիսյանը:
Մենք զրուցեցինք նաև արդեն նոր վայրում աևտուր իրականացնող տիկին Արփիկի հետ: Նա նշել է, որ թեև դժգոհ է առաջարկված տարածքից, բայց ուրիշ ճար չունեն, քանի որ իրենց զգուշացրել են, որ եթե դարձյալ փողոցում վաճառեն իրենց ապրանքը, ապա այն իրենց ձեռքից կվերցնեն:
Մեր այն հարցին, թե ինչն է դժգոհության պատճառը, տիկին Արփիկը պատասխանել է.
«Տարածքից ենք դժգոհ, որ աստիճաններ են, չենք կարող տեղավորվել, մի քանի արկղ եմ դրել, որ կարողանամ կանգնել: Դեռ կփորձենք, տեսնենք ինչպես կստացվի այստեղ առևտուրը»,- ասել է տիկին Արփիկը: