Երեկ երեկոյան 21:00-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արցախի փողոցում: Միմյանց են բախվել «Մերսեդես» և «Գազել» մակնիշների ավտոմեքենաները: «Գազելը» սպասարկում էր 76 համարի երթուղին: «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` վթարի արդյունքում «Գազելը» պայթել է, և հրդեհ է բռնկվել:
«Երկու մեքենաներն էլ մոխրի են վերածվել: Փրկարարներին հաջողվել է մեքենաների միջից հանել այրված դիակները: Նրանց տարիքը և սեռային պատկանելությունը առաջին հայացքից պարզել չի հաջողվել, քանի որ մարմինները մոխրացած վիճակում են եղել: Դեպքի վայրում աշխատել են նաև հրշեջ մեքենաները, իսկ տարածքում երթևեկությունը դադրեցվել է: Նախնական տվյալներով` մահացել է «Մերսեդեսի» վարորդը և ևս երեք հոգի երթուղայինի մեջ եղածներից` «Գազելի» վարորդն ու երկու ուղևոր: 9 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» հիվանդանոց: Նրանց մեջ է նաև 7 տարեկան մի երեխա, որի վիճակը ծանր է: Վիրավորներից մեկը վերակենդանացման բաժանմունքում է»: