Երեկ 21.30-ի սահմաններում Երևանի Արցախի պողոտայի թիվ 24 շենքի հարակից տարածքում տեղի ունեցած ավտոպատահարի հետևանքով տեղում զոհվել են 76 երթուղու «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ու առջևի երկու ուղևորները և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1987թ.-ին ծնված Սերգեյ Բաղշյանը: Ավտոմեքենաները այրվել են ամբողջությամբ:
Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 9 ուղևոր. Երևանի բնակիչներ, 1957թ.-ին ծնված Վալերի Պետրոսյանը, 1957թ.-ին ծնված Հովսեփ Փափազյանը, 1978թ.-ին ծնված Աննա Խաչատրյանը, 1996թ.-ին ծնված Մարիաննա Մուրադյանը, 1991թ.-ն ծնված Հռիփսիմե Ստեփանյանը, Սիսիան քաղաքի բնակիչներ, 2004թ.-ին ծնված Գոռ Հայրապետյանը և 1990թ.-ին ծնված Գեղամ Գաբրիելյանը, Գյումրի քաղաքի բնակիչ, 1984թ.-ին ծնված Մուշեղ Գևորգյանը և Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակիչ, 1993թ.-ին ծնված Գոռ Պապոյանը, հայտնում են Արտակարգ իրվավիճակների նախարարությունից:
Մինչ շտապօգնության ժամանումը պարամեդիկների կողմից տուժածներին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն: Փրկարարների ուժերով ավտոմեքենաներից դուրս են բերվել այրված դիակները և հանձնվել շտապօգնության աշխատակիցներին:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.36-ին, մարվել` 22.35-ին:
«Էրեբունի» բժշկական կենտրոնից Epress.am-ին հայտնել են, որ այս պահին կոտրվածքների բաժնում է գտնվում երեք վիրավոր` ձեռքերի և ոտքերի կոտրվածքներով:
Վիրավորներից Գոռ Հայրապետյանը տեղափոխվել է այրվածքների կենտրոն: Նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր` ստացել է ոտքերի և նստատեղի այրվածքներ (25%), գտնվում է շոկային վիճակում:
Ըստ հերթապահ բժիշկների՝ Գ.Հայրապետյանի, Գ.Պապոյանի, Հ.Ստեփանյանի և Մ.Մուրադյանի առողջական վիճակը կայուն ծանր է, իսկ մյուս տուժածներինը՝ բավարար: