Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը, պատասխանելով Epress.am-ի այն հարցին, թե արդյոք նրա կարծիքով մինչ ՀԱԿ հրավիրած առաջիկա հանրահավաքը ազատ կարձկավեն բոլոր քաղբանտարկյալները, ասել է, որ, հավանաբար, ոչ բոլոր քաղբանտարկյալներին բաց կթողնեն:
«Ես տեղյակ չեմ, չգիտեմ, հույս ունեմ, որ ազատ կարձակվեն, բայց միգուցե ոչ բոլորը», – նշել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Անդրադառնալով մարտի 1-ի դեպքերը բացահայտելու իշխանության կողմից տրված նոր հավաստիացմանը` Հովհաննիսյանն ասել է, որ պետք է լինի դատախազի հատուկ ինստիտուտ, որը կարող է վկայություններ վերցնել բոլորից` նախագահներից, գեներալներից և շարքային քաղաքացիներից:
«Ես թերահավատ եմ իշխանության կողմից Մարտի 1-ի բացահայտմանն ուղղված քայլերի հանդեպ, քանի որ երեք տարի շարունակ դա չի արվել: Ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է Միջազգային քրեական դատարանի անդամ դառնա, և եթե այս հարցն ինքն ունակ չէ լուծել, պետք է թեկուզ սելեկտիվ օրինակով ինքը ներկայացնի այս հարցը միջազգային դատարանում»,- մանրամասնել է Հովհաննիսյանը: