Տյումենի շրջանի իրավապահ մարմինները սկսել են հետաքննել հայերի զանգվածային սպանության գործը: 11 հոգուց բաղկացած ընտանիքի 4 չափահաս մարդիկ գնդակահարվել են, ևս մի կին ծանր վնասվածք է ստացել: Սակայն ընտանիքի երեխաներին հանցագործները խնայել են:
Միակ տուժած երեխան 7 ամյա տղան է, ով վնասվածք է ստացել ոտքի հատվածում: Ցուցաբերված բժշկական օգնությունից հետո նա դուրս է գրվել հիվանդանոցից:
Մայիսի 18-ի գիշերը դիմակավորված երկու զինված հանցագործներ ներխուժել են Տյումենի շրջանում գտնվող առանձնատան բակ: Քննիչների խոսքով, դուռը ներսի կողմից փակ չի եղել, ինչը հնարավորություն է տվել հանցագործներին անարգել մտնել տուն: Նրանք անմիջապես անկանոն կրակ են արձակել Պետրոսյանների ընտանիքի անդամների ուղղությամբ: Արդյունքում, տեղում մահացել են տան 58-ամյա մայրը, նրա երկու տղաները և սպանվածներից մեկի 30-ամյա կինը, գրում է «Կոմերսանտը»:
Քննիչները արդեն իսկ չեն դիտարկում հանցագործության ազգայնական դրդապատճառներով պայմանավորված լինելու հնարավորությունը: Քանի որ, նախևառաջ, հարձակվողները ընտանիքի բոլոր անդամներին սպանելու մտադրություն չեն ունեցել, իսկ մահացածներից ոմանք պատահական զոհեր են եղել: Բացի դա, ինչպես նշում են ականատեսները, մարդասպանները նույնպես հայեր են եղել:
Հիմնական վարկածներից մեկն այն է, որ հանցագործների նպատակը երկու եղբոր սպանությունն էր, որը պայմանավորված էր նրանց`հավանաբար քրեական գործունեությամբ:
Ներկայումս քննվում է պաշտոնապես երբեք չաշխատած սպանվածների գործունեության բնագավառը: Այդուհանդերձ ընտանիքի եկամուտները թույլ են տվել նրանց բնակարան գնել Տյումենում: