Մայիսի 15-ին մամուլում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ Մալաթիայի եկեղեցու սպասավոր Տեր Եսայի քահանա Արթենյանն (լուսանկարում) արգելել է «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության երկու ներկայացուցիչներ` Անդրանիկ Մակվեցյանին և Սամվել Գրիգորյանին, քարոզչություն իրականացնել եկեղեցու տարածքում, որից հետո սպառնալիքներ է ստացել նրանցից:
Epress.am-ի հետ զրույցում «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության մամուլի պատասխանատու Տիգրան Հայրապետյանը ներկայացրել է տեղի ունեցածը, համաձայն Մակվեցյանի և Գրիգորյանի պատմածի.
«15 մայիսի 2011թ., 9։00-ի սահմաններում վերը նշված անձնավորությունները, Հ/Ա թաղամասի եկեղեցուց բավականին հեռու՝ Շիրազի արձանի մոտ, զրուցելիս են եղել մի տարեց տղամարդու հետ։ Զրույցը ավարտելու ժամանակ նրանց է մոտեցել կանաչ գույնի «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա։ Դրանից դուրս է եկել քաղաքացիական հագուստով մի անձնավորություն, կանգնել է նրանց հետևում ու հարցրել նրանց անունները, ապա սպառնալով ասել է, որ սա իր տարածքն է և պահանջել՝ այլևս այդտեղ մարդկանց հետ չզրուցել Աստվածաշնչից։ Երիտասարդները պահանջել են նրանից համապատասխան փաստաթուղթ։ Տվյալ քաղաքացին, որի ինքնությունը որպես քահանա պարզվել է զրույցի ընթացքում, բարկացել է և ագրեսիվորեն վիրավորական ու նվաստացուցիչ խոսքեր տեղալով նրանց հասցեին՝ պահանջել է նրանց հասցեն և հեռախոսի համարները։ Ինչպես նշում են երիտասարդները, քահանան այնքան էր բարձրացրել իր ձայնը, որ դիմացի կանգառում հավաքված մարդիկ նայում էին նրանց վրա։ Այնուհետև քաղաքացիական հագուստով քահանան գրպանից հանելով իր հեռախոսը՝ փորձել է նկարել երիտասարդներին։ Երիտասարդներից մեկը ձեռքը պահել է հեռախոսի խցիկի դիմաց և թույլ չի տվել նկարել իրեն։ Այդ ամենից բորբոքված, քահանա Արթենյանը ձեռքերը պարզելով Անդրաիկ Մակվեցյանի դեմքին սկսել է անպատվել, հայհոյել (հիշատակելով վերջինիս ծնողներին և այլն) և սպառնալ ու պահանջել, որ կանչեն իրենց «շեֆերին»։ Հեռացնելով նրա ձեռքը իր դեմքից, Անդրանիկը փորձել է կարգի հրավիրել քահանային, որպեսզի վերջինս չխոսի իր հետ անվայել խոսքերով և սպառնալիքներով։ Ուստի տեսնելով, որ հասարակական վայրում ոտնահարվում էր նրա արժանապատվությունը, զրույցը թեժանում է և դառնում անկառավարելի, նա տալիս է իր հասցեն և հեռախոսի համարը, որից հետո մի տարեց անձնավորություն քահանա Արթենյանին մի կողմ է տանում։ Այնուհետև երիտասարդները հեռանում են։ Նույն օրը Մակվեցյանը զանգ է ստանում Շահումյանի Ոստիկանությունից՝ տեղեկանալով, որ քահանա Եսայի Արթենյանից բողոք է ներկայացվել Անդրանիկի դեմ։ Երեկոյան, մոտավորապես ժամը 19։30-ին, վերը նշված երիտասարդները ներկայանում են ոստիկանություն և բացատրագիր ներկայացնում եղելության վերաբերյալ»։