«Երկիր» օրաթերթի «131 դեմք ու դիմակ» խորագրով մշտական էջում, որտեղ ներկայացվում են ԱԺ պատգամավորների կենսագրությունները, նրանց նախասիրություններն ու բնավորության առանձնահատկությունները, այս անգամ անդրադարձ է կատարվել պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանին.
«Նույն ինքը՝ Հանրապետության նախագահի եղբայր Սաշիկը։ Ինքը նախընտրում է Ալեքսանդր Ազատիչ դիմելաձևը։ Բռնկուն բնավորության տեր անձնավորություն է, հաճախ է անսպասելի բորբոքվում ու ձայնը բարձրացնում հասարակական միջավայրում:
1996-98թթ. աշխատել է «Սիրիուս» ընկերության տնօրենի տեղակալ, հետո՝ մինչև 2003 թվականը, «Ավտոգազ» ՄՊԸ Ջրվեժի թիվ 7 ԱԳԼՃԿ-ի պետ։ Պաշտոնական կենսագրության մեջ որևէ բան նշված չէ բանակից մինչև տեխնիկում և 1987-96 թվա֊կանների միջակայքերի վերաբերյալ, բայց մամուլում շատ է գրվել, որ ժամանակին «Պազ» ավտոբուսի վարորդ է աշխատել։
2003թ. պատգամավոր է դարձել Հանրապետականի համամասնական ցուցակով, իսկ 2007-ին ընտրվել է մեծամասնականով Սյունիքի թիվ 37 ընտրատարածքից:
Ազգային ժողովում երբևէ օրենսդրական գործունեությամբ չի զբաղվել, ելույթներ չի ունեցել, փոխարենը հաճախ է վիճաբանում լրագրողների հետ, ովքեր բնականաբար տեղի-անտեղի շահարկում են նրա պահվածքը և երկրի նախագահի եղբայրը լինելու հանգամանքը։ Ականատեսները վկայում են, որ մի անգամ Աժ միջանցքում հայհոյել է կին լրագրողներից մեկին, բայց որոշ ժամանակ անց մտերմացել վերջինիս հետ։
Ալեքսանդր Սարգսյանի անունը հաճախ են կապում տարբեր բիզնեսների հետ, նշում են, որ մեծ կարողություն ունի, շինարարական գործով է զբաղվում նաև Միացյալ Նահանգներում։ Սիրում է լավ կոնյակ խմել, չի սիրում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը»,- գրում է «Երկիր» օրաթերթը: