Ռուսաստանյան օլիգարխը պատրաստ է ֆինանսավորել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի և վարչապետ Վլադիմիր Պուտինի մասին առաջին պիեսի ցուցադրությունը Լոնդոնում, որի բեմադրությունն արգելվել է Ռուսաստանում:
Ինչպես Life News-ին պատմել է Լոնդոնում թաքնվող օլիգարխ Բորիս Բերեզովսկին, ինքը միշտ ուրախ է օգնել ռուսական մշակույթը ներկայացնող տաղանդավոր մարդկանց:
«Մոսկովյան հարթակներում շատ ավելի դժվար կլինի իրականացնել այս նախաձեռնությունը, իսկ Անգլիայում դա հնարավոր է: Սակայն արդյո՞ք այն հետաքրքիր կլինի լոնդոնյան հանդիսատեսին, պետք է մտածել այդ մասին»,- իր մտահոգությունն է հայտնել Բերեզովսկին:
Պիեսի հեղինակ Վլադիմիր Գոլիշովը չի հրաժարվել օլիգարխի օգնությունից և համաձայն է իր բեմադրությունը ներկայացնել Մեծ Բրիտանիայի հանդիսատեսի դատին:
«Պրեբիոտիկի» պիեսում Վլադիմիր Գոլիշովը իր տեսակետն է առաջադրում Մոսկվայի նախկին քաղաքապետ Լուժկովի պաշտոնանկության վերաբերյալ և երկրի առաջին դեմքերի դերակատարությունն այս սկանդալային հարցում: Պիեսում Վլադիմիր Պուտինը և Դմիտրի Մեդվեդևը անսովոր դերերում են հանդես գալիս:
Սցենարի հեղինակը` հրապարակախոս, ընդդիմադիր ակտիվիստ, ինչպես հաև հայտնի բլոգեր Վլադիմիր Գոլիշովը, նոր պիեսի կերպարների մեջ է մտցրել նաև վարչապետի կնոջը, նախագահական վարչակազմի ղեկավարի տեղակալ Վլադիմիր Սուրկովին, Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին և անգամ Արնոլդ Շվարցնեգերին: