Մայիսի 26-ին, ժամը 15.00-ին Հայաստանում Չինաստանի դեսպանության առջև տեղի է ունենալու բողոքի ակցիա: Ակցիայի հիմնական նպատակն է դեսպանատան միջոցով կապ հաստատել Հրազդանի երկաթահանքի բաժնետեր չինական ընկերության հետ և համապատասխան նամակը հանձնել դեսպանին:
Նախաձեռնողները ակցիայի շրջանակներում դեսպանին խնդրելու են հանքի շահագործման հետ կապված Հայաստանի հասարակության մտահոգությունը հասցնել ընկերության ղեկավարներին, ինչպես նաև դեսպանի միջոցով ցանկանում են ղեկավարներին փոխանցել անկախ փորձագիտական հետազոտությունների արդյունքները:
Այս մասին տեղեկացնում է organize-now.am կայքը, որը նախաձեռնել և վարում են մի խումբ երիտասարդ ակտիվիստներ` Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ (ՄԻԺԻ) ոչ կառավարական կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում:
Ակցիայի կազմակերպիչներն են Հրազդանի «Օրհուս» կենտրոնը և մի շարք հասարակական կազմակերպություններ:
Նշենք, որ այս տարվա փետրվարի 23-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել էր «Ֆորչյուն Օյլ» չինական ընկերության պատվիրակությանը` ընկերության գործադիր փոխնախագահ Դանիել Չյուի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում վարչապետը նշել էր, որ գործադիրը կարևորում է հանքահումքային ոլորտում կատարվող ներդրումներն ու բարձր է գնահատում այն մեծածավալ ներդրումային ծրագիրը, որով հանդես է գալիս «Ֆորչյուն Օյլ» ընկերությունը:
Հիշեցնենք նաև, որ դեռևս մարտի 15-ին «Առավոտ» օրաթերթը գրել էր, որ Հրազդանում 5-րդ թաղամասի բնակիչների բնակարաններ մարդիկ էին մտնում և բնակիչներից ստորագրություն վերցնում, թե նրանք համաձայն են լքել իրենց բնակարանները:
«Մինչ բնակիչներից ստորագրություններ կորզելը, «Fortune oil» ընկերության ներկայացուցիչները անգամ հասարակական լսումներ չեն անցկացրել, ոչ էլ բնակիչներին` հանքի շահագործման և ֆաբրիկա կառուցելու վերաբերյալ նախագիծ են ներկայացրել, ինչպես որ նման դեպքերում օրենքն է պահանջում : Բնակիչների համոզմամբ, իրենք շատ լավ հասկանում են, որ իրենց գլխի տակ փափուկ բարձ են դնում`իբր թե լավագույն պայմաններով կգնեն նրանց բնակարանները , սակայն վստահ են, որ ժամանակը գա` իրենց խաբելու են և հարկադրաբար դուրս գցեն, ինչպես սովորաբար մեր երկրում տեղի են ունենում նման դեպքերը», – գրել էր օրաթերթը: