Բրազիլական Գոյանիա քաղաքում 24-ամյա տեղի բնակչուհուց մազեր են գողացել: Միջադեպը գրանցվել է ավտոբուսի կանգառում, երբ աղջիկը սպասում էր հասարակական տրանսպորտի ժամանմանը, հայտնում է Associated Press-ը:
Տեղի ոստիկանության ներկայացուցիչների խոսքով` հանցագործը մկրատով կտրել է բրազիլուհու մազերը և հեռացել: Ըստ նախնական տվյալների` աղջկա մազերը կարող են օգտագործվել բնական թանկարժեք կեղծամի պատրաստման համար, քանի որ բրազիլուհին երկար, խնամված և առողջ մազեր է ունեցել, ինչն էլ գրավել է գողին:
Միջադեպից անմիջապես հետո աղջիկը դիմել է ոստիկանություն, որպեսզի վերջիններս արձանագրեն մազերի գողության փաստը: Ոստիկանություն դիմելու իր որոշումը աղջիկը բացատրել է նրանով, որ իրեն անհրաժեշտ էր պաշտոնական հաստատում ստանալ ոստիկանությունից մազերի կորստի մասին, որն իր մեղքով չի եղել, քանի որ հակառակ դեպքում չի կարողանա տեղի քահանային բացատրություն տալ, թե ինչու այլևս երկար մազեր չի կրում: