Քրդական հարցը անմիջականորեն կապված է այն խնդիրների հետ, որոնց անցյալում բախվել են երկրի հարավարևելյան հատվածում բնակվող հայկական համայնքը և սիրիական ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները, Today’s Zaman-ի կայքում գրում է սոցիոլոգ, քրդական հարցի պատմության փորձագետ Իսմայիլ Բեշիկչին:
Ազգությամբ թուրք Բեշիկչին տարիներ շարունակ հետազոտել է քրդական հարցը, իր գաղափարների համար 17 տարի բանտում է անցկացրել: Բեշիկչին դատապարտվել էր 100 տարի ազատազրկման, սակայն նրան բաց են թողել 1999 թվականին: Ըստ Բեշիկչիի` Օսմանյան կայսրության դարաշրջանի ավարտին այս համայնքների, և, մասնավորապես, հայերի բռնի արտաքսումն ու նրանց ունեցվածքի փոխանցումը քրդերին մեկ ընդհանուր խնդրի է հանգեցրել:
Փորձագետը գրում է, որ Օսմանյան կայսրության դարաշրջանի վերջին տարիներին իշխող «Միացում և առաջադիմություն» կուսակցությունը (CUP) կայսրությունը վերակառուցելու և այն «թրքացնելու» հեռահար նպատակներ ուներ: Այս հարցը կապված էր նաև տնտեսության ազգայնականացման հետ, որի իրականացման ճանապարհին խոչընդոտներ էին ստեղծում այն ժամանակ երկրում շոշափելի ազդեցություն ունեցող հայկական, հունական և ալևինների համայնքները: Նախորդ դարի սկզբին տեղի ունեցած իրադարձությունների մեծ մասը, ինչպիսին էին, Հունաստանի և Թուրքիայի միջև բնակիչների տեղափոխությունները, հայերի արտաքսումն ու սպանդը CUP-ի և Թուրքիայի հանարապետության վաղ տարիների կառավարության տնտեսության ազգայնականացման ծրագրի մի մասն էին կազմում: Բեշիկչին շեշտադրում է անում այն հանգամանքի վրա, որ միջազգային հանրությունը նույնպես մեծապես նպաստել է այս ծրագրի իրականացմանը, որը, ըստ սոցիոլոգի, մինչ այժմ կազմում է պետական գաղափարախոսության կորիզը:
Հայերի և հույների հետ հարցերը լուծելուց հետո նոր ռեժիմը ստիպված եղավ մեկ այլ հարցի`ալևիների համայնքի խնդրի հետ բախվել, որոնք, ըստ երկրի ղեկավարների, պետք է որ հեշտությամբ վերածվեին սունի իսլամիստների, գրում է Բեշիկչին: Ասիմիլյացիայի նմանատիպ քաղաքականություն էր մշակվում նաև քրդերի համար, որոնց թույլ էր տրվում պահպանել իրենց կարողությունը, շենքերը, կենդանիներին, դաշտերն այնքան ժամանակ, քանի դեռ նրանք մերժում էին իրենց քրդական ծագումը:
Պետության համար կարևորագույն հարցը տեղի քուրդ բուրժուաներին շրջաններում զարգանալ թույլ չտալն էր:
«Դու կարող ես ներդրում անել հարավում կամ արևմուտքում որպես քուրդ գործարար, և նրանք քեզ աշխարհի բոլոր հնարավորությունները կտրամադրեն նախաձեռնությունդ կյանքի կոչելու համար, բայց քեզ չի թույլատրվում, օրինակ, գործարան բացել Դիարբեքիրում կամ Վանում»,- պարզաբանում է Բեշիկչին:
Նրա խոսքով` սեփականություն ունեցող քուրդ ժողովրդին նպատակաուղղված կերպով տեղափոխում էին արևմտյան շրջաններ: Սա թույլ էր տալիս իրականացնել հետագա ասիմիլյացիան:
«Հայկական և սիրիական համայնքների կողմից թողած անշարժ գույք կա, որը քրդերի վերահսկողության տակ է գտնվում: Այն դեպքում, երբ հայերին բռնի արտաքսում էին և թույլ չէին տալիս վերադառնալ, պետությունը քրդերին թույլ էր տալիս պահպանել այդ անշարժ գույքը: 1915-ից հետո քրդերը գյուղական վայրերից սկսեցին տեղափոխվել քաղաքներ, որտեղ ապրում էին հայերը: Փաստորեն, ներկայումս թուրքական բուրժուազիայի հարստությունը հիմնված է հայկական և հունական սեփականության վրա, թեև տնտեսությանը վերաբերող թուրքական գրքերը երբեք չեն հիշատակում այս փաստը»,- գրում է փորձագետը:
Բեշիկչին հույս է հայտնում, որ քուրդ հետազոտողներ և հետագա սերունդները կվերանայեն և նորովի կգրեն Թուրքիայի տնտեսության պատմությունը և կբացահայտեն երկրի հարստության իսկական աղբուրը: Նա հավատում է, որ այս քայլը նաև կօգնի Թուրքիայի լուծել իր դարավոր խնդիրները, այդ թվում` քրդական և հայկական հարցերը:
Նշենք, որ 2011 թվականի մարտին Իսմայիլ Բեշիկչին կրկին դատապարտվել է 15 ամսվա ազատազրկման` “ահաբեկիչների պրոպագանդա” մեղադրանքով: