Մայիսի 22-ին Արագածոտնի մարզի հինգ գյուղերում անցկացվել են գյուղական համայնքի ղեկավարի ընտրություններ, իսկ մեկ գյուղում էլ ավագանու ընտրություններ: Ամենաթեժ պայքարը ընթացավ Օհանավան գյուղում, որտեղ որպես գյուղապետի թեկնածուներ առաջադրվել էին երեք հոգի` գործող գյուղապետ` հանրապետական Նշան Միսակյանը, անկուսակցական, նախկին գյուղապետ Ամասիկ Միսակյանը, և անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանը:
Epress.am-ի հետ զրույցում 14/01 տեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Վալտեր Հովակիմյանը նշել է, որ գյուղում ընտրողների թիվը 1806 է: Նրա խոսքով` ընտրողների մասնակցությունը բավական բարձր է եղել: Նշենք, որ ընտրությունների ընթացքում տեղամասում որևէ լուրջ միջադեպ չի արձանագրվել:
Եղել են փոքր խնդիրներ` որոշակի անճշտություններ ցուցակների հետ կապված, վստահված անձերից մեկը քվեախցիկում հայտնաբերել էր դատարկ ծրար, որոշ ընտրողներ մի քանի հոգով էին մոտենում խցիկին, որոնց, սակայն, հանձնաժողովի նախագահը հորդորում էր մեկ-մեկ պետք է քվեարկեն: Այս ամենը չի խանգարել ընտրությունների բնականոն ընթացքին:
Արդյունքների հաշվարկից հետո հրապարակվել են նախնական տվյալները: Ըստ այդմ, ընտրություններին մասնակցել է 1452 ընտրող, որոնցից 228 ձայն էր ստացել Ամասիկ Միսակյանը, 566 ձայն` Նշան Միասկյանը, 619 ձայն` Ալեքսան Ալեքսանյանը: Նշենք նաև, որ ընտրությունների և ձայների հաշվարկի ողջ ընթացքում տեղամասում և տեղամասի տարածքում կային բազմաթիվ ոստիկաններ, որոնք թույլ չէին տալիս, որպեսզի որևէ կողմնակի անձ ընտրությունների ընթացքում մնար տեղամասում կամ մասնակցեր հաշվարկին:
Դուրս գալուց Epress.am-ի լրագրողը նկատել է, որ ոստիկանները փակել էին ոչ միայն տեղամասի դուռը, այլև դեպի տեղամաս բերող դարպասները` բացառելով կողմնակի անձանց ներկայաությունը այդ տարածքում: