«Եվրատեսիլ 2012» միջազգային երգի մրցույթը կկայանա Բաքվում մայիսի 22-ին, 24-ին և 26-ին: Այս մասին Vesti.az-ին հայտնել է Ադրբեջանի Հանրային հեռուստաատեսության հանրային կապերի բաժնի ղեկավարը: Մրցույթի անցկացման վայրը դեռևս չի ընտրվել:
Նշենք, որ Հայաստանը Եվրատեսիլ-2012-ին մասնակցելու մասին որոշում առայժմ չի կայացրել:
Ավելի վաղ Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը Epress.am-ի հետ զրույցում ասել էր, որ Հայաստանն առայժմ չի քննարկել հաջորդ Եվրատեսիլին մասնակցելու հետ կապված հարցերը:
«Երբեք այսքան վաղ Հայաստանի հեռուստառադիոընկերությունը չի քննարկում հաջորդ Եվրատեսիլի հետ կապված հարցեր», – ասել էր Ալեքսան Հարությունյանը:
«Երբ առաջիկայում տվյալ խնդիրը սկսենք քննարկել, Հանրային հեռուստառադիոընկերությունը կտեղեկացնի այդ մասին: Այս պահին Հանրայինը կենտրոնացել է Երևանում «Մանկական Եվրատեսիլի» կազմակերպման հետ կապված հարցերի վրա», – նշել էր նա: