Հայ-թուրքական սահմանի բացումը համապատասխանում է, նախևառաջ, Թուրքիայի շահերին, այնուհետև հայերի, իսկ երրորդ հերթին` Ադրբեջանի: Aze.az -ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն:
«Այս հանգամանքը կարող է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նպաստող և տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը թուլացնող իրական գործոն դառնալ»,- ասել է նա:
Փորձագետը նաև նշել է, որ Արևմուտքը ցանկանում է հայ-թուրքական սահմանը բաց տեսնել, որը փաստացիորեն կնշանակի Հայաստանի օտարումը Ռուսաստանից:
Ղարաբաղյան հակամարտության հարցում փոխզիջումների գնալու վերաբերյալ Հայաստանում առկա հասարակական կարծիքի առնչությամբ Ալիզադեն ասել է. «Պետք չէ մոռանալ այն մասին, որ Հայաստանի հասարակական կարծիքը թունավորված է ֆոբիաներով, որոնք խստացված կերպով երկրպագվում են տարբեր քաղաքական ուժերի միջոցով: Հայաստանյան հանրությունը իր իրական շահը չի տեսնում, թեև այն իր քթի տակ է: Հայ-թուրքական սահմանի բացումից հետո կսկսվի Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, կգտնվի ղարաբաղյան հակամարտության լուծման փոխշահավետ տարբերակ»: