11 հասարակական կազմակերպություններ այսօր տարածած հայտարարության մեջ արձանագրել են, որ 2011թ. փետրվարի 23-ից ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի անազատության մեջ գտնվող եղբայրը` Տիգրան Փոստանջյանի դեմ հարուցված քրեական գործի ընթացքում քրեական հետապնդման անվան ներքո տեղի է ունենում քաղաքական հաշվեհարդար ընդդիմության ներկայացուցչի նկատմամբ` նրա ընտանիքի անդամին հետապնդելու միջոցով:
«Տիգրան Փոստանջյանի նկատմամբ սկսված քրեական հետապնդումը ընթանում է ՀՀ օրենսդրության և միջազգային նորմերի կոպիտ խախտումներով:
ՀՀ գլխավոր դատախազությունը միայն մեկ անձի դիմումի հիման վրա, այն ստանալու պահից մի քանի ժամ անց 18.02.2011 թվականին հարուցել է քրեական գործ: ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ցուցումով գործի քննության իրականացումը հանձնարարվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, որը Հայաստանի Հանրապետության քրեադատավարական օրենսդրությամբ չի հանդիսանում նրան մեղսագրվող արարքի նկատմամբ նախաքննություն իրականացնող մարմին: Նույն օրը ՀՀ գլխավոր դատախազությունը, խախտելով անմեղության կանխավարկածը, ԶԼՄ-ներով հրապարակել է Տ.Փոստանջյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ հաղորդագրություն:
Տիգրան Փոստանջյանն իր դեմ հարուցված քրեական գործի մասին տեղեկացել է 18.02.2011 թվականին ինտերնետային հրապարակումից: Նույն օրը Տիգրան Փոստանջյանին զանգահարել է անծանոթ մի քաղաքացի և հայտնել, որ` դատախազությունը կառավարության հետ միասին քրեական հետանդում են ուզում նախաձեռնել` «գործ սարքել» կապված իր քրոջ գործունեության հետ: Հինգ օր անց Տ.Փոստանջյանը ձերբակալվել է, երեք օր պահվել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ժամանակավոր պահման մեկուսարանում, չորս օր` նույն շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, այնուհետև տեղափոխվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Տ.Փոստանջյանն ազատազրկման է ենթարկվել առանց դրա համար պատշաճ հիմնավորման առկայության: Հաշվի չի առնվել այն, որ Տ.Փոստանջյանը, պատահականորեն իմանալով քրեական գործի հարուցման մասին, անձամբ է ներկայացել հարցաքննության և որ նա իր խնամքի տակ ունի երկու մանկահասակ երեխա: Անտեսվել են նրա համար ներկայացված գրավի միջնորդությունն ու ԱԺ պատգամավորների կողմից տրված երաշխավորագրերը: Տ.Փոստանջյանի ձերբակալումից երկու ամիս անց դատարանն ընդունել է որոշում կալանքը թողել անփոփոխ` առանց նշելու որևէ ժամկետ: Նրա կալանավայրում գտնվելու ընթացքում բազմիցս ապօրինի կերպով արգելվել են նրա տեսակցությունները հարազատների ու ԱԺ պատգամավորների հետ: Նրա նկատմամբ ձերբակալման առաջին օրվանից կիրառվել են հոգեբանական տարբեր ճնշումներ, դրսևորվել է անմարդկային և նվաստացնող վերաբերմունք: Այս ամենի դեմ իր բողոքն արտահայտելու համար Տ.Փոստանջյանը 2011 թվականի մայիսի 11-ից ի վեր գտնվում է հացադուլի մեջ:
Տիգրան Փոստանջյանին մինչ օրս կալանքի տակ պահելով` Հայաստանի Հանրապետությունը խախտում է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածը: Ինչպես նշել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր մի շարք վճիռներում` այն հանգամանքը, որ ներպետական դատարանի կողմից չի սահմանվում այն ժամկետը, որով երկարացվում է մեղադրյալին կալանքի տակ պահելը, անձին դնում է անորոշ վիճակի մեջ և հանդիսանում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված` օրինականության սկզբունքի խախտում: Տ.Փոստանջյանին անմարդկային և անձը նվաստացնող պայմաններում պահելը խախտում է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը:
Կոչ ենք անում միջազգային կառույցներին միջնորդել ՀՀ իշխանություններին` դադարեցնելու Տիգրան Փոստանջյանի նկատմամբ իրականացվող անօրինականությունները և ձեռնպահ մնալ ընդդիմադիր գործունեություն իրականացնող անհատների կամ նրանց հարազատների նկատմամբ բռնաճնշումներ կիրառելուց», – ասված է հ/կ-ների հայտարարության մեջ:
Հայտարարության տակ ստրոգրել են`
Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ
Թրասփարենսի Ինթերնեյշնլ
Քաղաքացիական ազգային նախաձեռնություն
Փաստաբաններ մարդու իրավունքների համար
Ընդդեմ իրավական կամայականությունների
Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Հայաստանի հելսինկյան կոմիտե
Երիտասարդություն հանուն ժողովրդավարության
Զարթոնք-89 ՀԿ
Հույս ՀԿ
Ուխտ Արարատի