Home / Հայաստան / Լուծվող սուրճ խոշորագույն հայաստանյան ներկրողից բացատրություններ կպահանջեն

Լուծվող սուրճ խոշորագույն հայաստանյան ներկրողից բացատրություններ կպահանջեն

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի կողմից սուրճի ապրանքային շուկայում կատարված ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ են եկել որոշակի չարաշահումներ, հաղորդում է Հանձնաժողովի մամուլի ծառայությունը:

Մասնավորապես, բացահայտվել է, որ լուծվող սուրճի շուկայում գերիշխող դիրք ունեցող «Մոկոնաթ» ընկերության կողմից առկա են օրենքի պահանջների խախտումներ: Այս ընկերության մասնաբաժինը լուծվող սուրճի շուկայում կազմում է 48,1 տոկոս:

«Վերոնշյալի հիման վրա, այսօր՝ մայիսի 25-ին, տեղի ունեցած ՀՀ ՏՄՊՊՀ նիստում որոշվեց վարույթ հարուցել «Մոկոնաթ» ընկերության նկատմամբ: Վարույթի ընթացքում Հանձնաժողովը տնտեսվարողից կպահանջի բացատրություններ՝ հայտնաբերված օրենսդրական խախտումների առնչությամբ: Վարույթի արդյունքները սահմանված ժամկետում կներկայացվեն հանրությանը», – ասված է Հանձնաժողովի կողմից տարածված մամուլի հաղորդագրության մեջ:

Նշենք, որ հաղորդագրության մեջ չի մանրամասնվում, թե կոնկրետ ինչ խախտումների մասին է գնում խոսքը: