ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարած համաներման առաջարկը հենց քաղբանտարկյալների ազատ արձակման համար է արվել: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Քաղբանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեի համակարգող Վարդան Հարությունյանը:
«Այս համաներմամբ պետք է անխտիր բոլոր քաղբանտարկյալները ազատ արձակվեն, քանի որ դա հենց նրանց համար է: Սա հաշվի առնելով` համաներման տեքստի մեջ առկա կետերը այդքան էլ կարևոր չեն, այսինքն` կարևոր չէ, թե ինչ կետով նրանց վրա կտարածվի համաներումը»,- ասել է Հարությունյանը:
Հարությունյանը, սակայն, հրաժարվել է կանխավ գուշակություններ անել, թե արդյոք բոլոր քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն, թե ոչ:
«Ես շատ հուսով եմ, որ բոլորը կազատվեն, բայց քանի որ նրանք դեռ բանտերում են, ես կանխատեսումներ չեմ անի: Նաև շատ ուրախ եմ, որ այս համաներմամբ քրեական հոդվածներով շատ դատապարտվածներ ազատ կարձակվեն»,- նշել է նա: