2011 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 254.8 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 257.2 մլրդ դրամ, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարությունը:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 9%-ով կամ 21 մլրդ դրամով, որն ապահովվել է հարկերի, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվին, որոնք 10.5%-ով (22.9 մլրդ դրամով) գերազանցել են նախորդ տարվա նույն ցուցանիշը:
2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 5.8%‑ով կամ 14.2 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է կենսաթոշակների, պետական պարտքի սպասարկման, պայմանագրային այլ ծառայությունների ձեռքբերման, այլ ծախսերի և հիմնական միջոցների ծախսերի աճով:
2011 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 2.4 մլրդ դրամ պակասուրդով` նախատեսված շուրջ 56.2 մլրդ դրամի դիմաց: Շեղումը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ բյուջեի ազատ միջոցներից կիսամյակային ծրագրով նախատեսված 56.4 մլրդ դրամից օգտագործվել է 13.6 մլրդ դրամ: Բացի այդ, չեն ստացվել արտաքին աղբյուրներից նախատեսված 22.9 մլրդ դրամի վարկային միջոցները: