Համաներումը կտարածվի «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի վրա: Այս մասին րոպեներ առաջ «Շանթ» հեռուստաալիքի եթերով հեռարձակվող «Հեռանկար» հաղորդման շրջանակներում ասել է Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` մեկնաբանելով այսօր Ազգային ժողովում քննարկված համաներման մասին որոշման նախագիծը:
Պատասխանելով հարցին` արդյոք համաներման ակցիան և Մարտի մեկի գործով քննության վերակենդանացումը կարելի է դիտարկել մեկ փաթեթով, նախարարն ասել է, որ մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն է:
«Եթե փորձենք հետևել նախագահի վարած քաղաքականությանը, կտեսնենք, որ կա որոշակի տրամաբանական շարունակություն, և այդ քայլերի ամբողջականությունը կարելի է համարել Աստանայում նախագահի ելույթը, շարունակությունը տեսնել ՀՀԿ-ի 20-ամյակին նվիրված ելույթում: Մենք ունենք խնդիր երկրի ներքին կյանքը առավել արդյունավետ դարձնելու համար, որպեսզի լինի քաղաքակիրթ երկխոսություն, որպեսզի հասարակությունը բաժանված չլինի երեք տարբեր խմբերի` իշխանություն, ընդդիմություն, ժողովուրդ, որտեղ Մարտի մեկեր ընդհանրապես չլինեն», – նշել է Թովմասյանը:
Նրա խոսքով` Հայաստանը թևակոխում է անկախության 20-ամյակը, և այն խնդիրները, որոնք «պատանեկության» տարիներին թույլատրելի են, դառնում են անթույլատրելի հասուն պետության համար: Համաներումն էլ պետք է տեղավորել այս տրամաբանության մեջ: