Home / Հայաստան / Ով է ազատվելու համաներմամբ

Ով է ազատվելու համաներմամբ

Այսօր Հայաստանի խորհրդարանը քննարկելու է Սերժ Սարգսյանի մայիսի 20-ին արված համաներման առաջարկը: «Հրապարակ» օրաթերթն իր տեղեկություններն է հաղորդում այն մասին, թե ովքեր են ազատվելու համաներման արդյունքում.

«Քաղբանտարկյալներ Նիկոլ Փաշինյանը և Սասուն Միքաելյանը համաներմամբ ազատվում են բանտից, քանի որ կրել են պատժի 1/3-ը: Համաներում է նախատեսված նաև մյուս քաղբանտարկյալների մասով: Մեզ հաջողվել է ճշտել նաև, որ համաներմամբ բանտերից դուրս կգան մինչև 3 տարվա ազատազրկման դատապարտված բոլոր անձինք, մինչև 5 տարվա դատապարտված անչափահասները, հղի կանայք և մինչև 3 տարեկան երեխա ունեցող բոլոր կանայք: Համաներման տակ կընկնեն նաև Հայրենական և Արցախյան պատերազմների մասնակիցները: Ինչպես և՝ մինչև 10 տարվա ազատազրկման դատապարտվածները, ովքեր կրել են պատժաչափի 1/3-ը և որոշ սահմանափակումների մեջ չեն: Սա վերաբերում է այն դեպքերին, եթե կալանավորը հանցանք չի գործել բանտում»: