Home / Հայաստան / Պատասխան՝ պատասխանին. ՏՎՃ-ի շուրջ սկանդալը շարունակվում է

Պատասխան՝ պատասխանին. ՏՎՃ-ի շուրջ սկանդալը շարունակվում է

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը մայիսի 23-ին տարածել էր իր պատասխանը «Մեդիամաքս» գործակալության տնօրեն Արա Թադևոսյանի հոդվածին, որը տպագրվել էր մայիսի 10-ին: Նավասարդյանի պատասխանից հետո չի ուշացել նաև Թադևոսյանի արձագանքը, որը ԶԼՄ-ներին ուղարկվել է այսօր:

Պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Ես, իհարկե, սպասում էի, որ Երեւանի մամուլի ակումբի /ԵՄԱ/ նախագահ Բորիս Նավասարդյանը կպատասխանի իմ` մայիսի 10-ին հրապարակված «Տեղեկատվական վեճերի «միապետություն»» սյունակին:

Սակայն, խոստովանեմ, ինձ համար անակնկալ էր պարոն Նավասարդյանի պատասխանի ոճը: Ես փորձել էի լինել առավելագույնս կոռեկտ, քննարկման թեման չանձնավորել եւ շեշտադրումները չշեղել բանավեճի բուն թեմայից: Փոխարենը ԵՄԱ-ի նախագահը, լինելով լրագրողական էթիկայի մեծ մասնագետ, իր պատասխանում օգտագործել է այնպիսի «էթիկական» արտահայտություններ, ինչպիսիք են «պասկվիլ», «ծաղրանկարային», «կեղծ դիտարկում», իսկ շարադրանքի տոնը հիշեցնում է խիստ ուսուցչի հանդիմանությունը հանդուգն աշակերտին: Եթե պարոն Նավասարդյանը ինչ-որ բան շփոթել է, հիշեցնեմ, որ, բարեբախտաբար, իմ ուսուցիչները բոլորովին այլ մարդիկ են եղել:

Իր պատասխանի մեծ մասը ԵՄԱ-ի նախագահը նվիրել է ոչ թե բանավեճի առարկային, այլ իմ կենսագրության փաստերին, որը, իմ կարծիքով, հասարակական հետաքրքրության առարկա չէ:

Փորձեմ պարոն Նավասարդյանին պատասխանել ըստ էության: ԵՄԱ-ի նախագահի պարզաբանումներն ու Տեղեկատվական վեճերի խորհրդի /ՏՎԽ/ պատասխանն ինձ համոզիչ չեն թվում: Ի դեպ, պարոն Նավասարդյանը գրում է, որ «գործակալության կայքէջում հրապարակվել է Տեղեկատվական վեճերի խորհրդի (ՏՎԽ) պաշտոնական հերքումն այդ առնչությամբ»: Պարոն Նավասարդյանի ուշադրությունը հրավիրեմ այն փաստին, որ մեր կայքում հրապարակվել է ՏՎԽ պատասխանը եւ ոչ թե «հերքումը»: Միգուցե, ԵՄԱ նախագահը ուշադիր չի կարդացել այն փաստաթուղթը, որը Մեդիամաքս-ին ուղարկվել ՏՎԽ-ից:

Այնքան էլ հասկանալի չէ, թե ինչ ի նկատի ունի պարոն Նավասարդյանը «պաշտոնական առաջարկ» ասելով: Նա նշում է, որ ՏՎԽ-ն պաշտոնապես ստեղծվել է մայիսի 1-ին: Մեդիամաքսի գլխավոր խմբագրին առաջարկ էր արվել մինչ այդ: Կարո՞ղ է արդյոք դեռեւս չստեղծված մարմինը «պաշտոնական առաջարկ» անել: Կարո՞ղ է արդյոք դեռեւս չստեղծված մարմինը քարտուղար ունենալ: Երկրորդ, եթե ՏՎԽ-ի քարտուղարը Մեդիամաքսի գլխավոր խմբագրին առաջարկ է արել առանց Խորհրդի իր գործընկերների հետ համաձայնեցնելու, ապա դա Խորհրդի «ներքին խոհանոցն է»: Երրորդ, Բորիս Նավասարդյանի պատասխանից երեւում է, որ նա առհասարակ չէր պատրաստվում քննարկել Դավիթ Ալավերդյանի թեկնածությունը Խորհրդի նիստում, եւ այստեղ ակնհայտ է տարբերությունը ՏՎԽ-ի պատասխանի հետ:

Անդրադառնամ ԵՄԱ-ի նախագահի պատասխանի մնացած դրվագներին եւ պատասխանեմ կետ առ կետ:

1. Ինչո՞ւ է Բորիս Նավասարդյանը հանդես գալիս Խորհրդի մնացած անդամների անունից: Մեր կողմից հրապարակված պատասխանը ստորագրված է Խորհրդի կողմից, իսկ դա նշանակում է, որ շարադրված դիրքորոշմանը համաձայն են Խորհրդի բոլոր 5 անդամները: Կարծում եմ, եթե, օրինակ, «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը ինձ առանձին որեւէ ասելիք ունենար, նա դա կաներ անձամբ:

2. Իր պատասխանում Բորիս Նավասարդյանը ներկայացնում է նաեւ Օմբուդսմենի դիրքորոշումը: Բայց մի՞թե Կարեն Անդրեասյանը նոր մամուլի քարտուղար ունի: Եթե ոչ, ապա առնվազն տարօրինակ է այն հանգամանքը, որ Օմբուդսմենի անունից խոսում է ԵՄԱ-ի նախագահը: Կարծում եմ, Կարեն Անդրեասյանը հնարավորություն ունեցել է ծանոթանալ ինչպես իմ սյունակին, այնպես էլ ՏՎԽ-ի պատասխանին, եւ անհրաժեշտության դեպքում նա բազմիցս կարող էր արտահայտել իր դիրքորոշումը: Ես գերադասում եմ Օմբուդսմենի փաստարկները լսել անմիջապես իրենից, այլ ոչ թե ՏՎԽ-ի անդամից:

3. Բորիս Նավասարդյանը գրում է, որ ես «իմ ուսերին այլ հոգսերի հետ առել եմ նաեւ Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի տնօրենի պատասխանատու պարտականությունը»: Դա իսկապես այդպես է. ես այդ Կենտրոնը ղեկավարում եմ վերջին մի քանի տարիների ընթացքում: Ավելին, այն ստեղծվել է իմ նախաձեռնությամբ` հավանության արժանանալով ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի եւ ՀՀ կառավարության կողմից: Միայն թե անհասկանալի է` ՏՎԽ-ի հետ ի՞նչ առնչություն ունի Կենտրոնը եւ այն իմ կողմից ղեկավարելու հանգամանքը:

4. Բորիս Նավասարդյանը գրում է, որ «չի նախանձում նրանց, ովքեր այդ գործակալությունն ընդունում են որպես տեղեկատվության աղբյուր»: Իսկ ինչո՞ւ հասարակությանը պետք է հետաքրքիր լինի, թե ում է նախանձում կամ չի նախանձում ԵՄԱ նախագահը: Երբվանի՞ց է այդ հասարակական կազմակերպության ղեկավարը դարձել ճշմարտության մարմնացումը եւ Հայաստանում լրագրության որակի որոշողը: Ինչո՞ւ է պարոն Նավասարդյանը կարծում, որ իրավունք ունի մատնանշել, թե ինչպես պետք է պատրաստել լրագրողական նյութեր, ինչն է պրոֆեսիոնալ եւ էթիկական: Իսկ եթե ԵՄԱ նախագահը կարծում է, որ իր պատասխանից հետո մեր բաժանորդները, ասենք, Հայաստանում Եվրամիության Պատվիրակությունը, ԱՄՆ կամ Մեծ Բրիտանիայի դեսպանությունները կդադարեն Մեդիամաքս-ին ընկալել որպես պրոֆեսիոնալ եւ հավաստի տեղեկատվության աղբյուր, ապա թույլ տվեք, մեղմ ասած, կասկածանքով վերաբերվել դրան:

5. Բորիս Նավասարդյանին, չգիտես ինչու, հունից հանել է այն հանգամանքը, որ մենք «Տեղեկատվական վեճերի խորհրդի հերքումն ուղեկցել ենք Շուշան Դոյդոյանի եւ Բորիս Նավասարդյանի լուսանկարներով»: Նախ, նորից կրկնեմ, մենք որեւէ «հերքում» չենք տպագրել: «Թե «ստեղծագործական» այդ հնարանքով ինչ են ցանկացել ասել մեդիամաքսցիները, կամ ինչու նման «պատվի» չեն արժանացել Խորհրդի մյուս անդամները՝ ամենատարբեր ենթադրությունների տեղիք է տալիս: Այսօրինակ երկիմաստությունն առավել անընդունելի է դարձնում լուսանկարների հրապարակումը՝ լրագրողական էթիկայի տեսանկյունից»,- գրում է ԵՄԱ-ի նախագահը: Քանի որ պարոն Նավասարդյանը մեզ հետ չի կիսվել իր ենթադրություններով, կարող եմ միայն նրան հիշեցնել ասացվածքը մութ սենյակում այնտեղ չեղած սեւ կատվի որոնման ապարդյուն փորձերի մասին: Ամեն ինչ շատ պարզ է. իմ սյունակը վերաբերում է ԵՄԱ-ի նախագահի անհամաձայնությանը մեր գլխավոր խմբագրի թեկնածությանը, իսկ ՏՎԽ-ի պատասխանում խոսվում էր Խորհրդի քարտուղար Շուշան Դոյդոյանի կողմից Դավիթ Ալավերդյանին արված առաջարկի մասին: Հենց այդ պատճառով էլ ընտրվել էին Բ. Նավասարդյանի եւ Շ. Դոյդոյանի լուսանկարները: Եթե ԵՄԱ-ի նախագահը դրանում տեսնում է ինչ-որ «թաքնված իմաստ», կամ նրան դուր չի գալիս, որ իր եւ Խորհրդի իր գործընկերոջ լուսանկարները դրված են եղել իրար կողքի, միգուցե, ԵՄԱ-ն հրատարակի հերթական ուսումնական ձեռնարկը` «Ինչպես կարելի է եւ ինչպես չի կարելի պատկերազարդել այն հրապարակումները, որոնցում հիշատակվում է ԵՄԱ-ի նախագահը» վերնագրով:

6. Իր պատասխանում պարոն Նավասարդյանը երկու անգամ հիշատակում է այն փաստը, որ ես 10 տարի եղել եմ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի /ՀՌԱՀ/ անդամ: Այո, դա հայտնի փաստ է: Ես եղել եմ այդ հանձնաժողովի անդամը եւ կայացրել եմ որոշումներ, որոնց համար չեմ ամաչում ինքս իմ առջեւ: Այնուամենայնիվ, բանավեճի թեմայի հետ ի՞նչ առնչություն ունի այն հանգամանքը, որ ես եղել եմ այդ հանձնաժողովի անդամ: Եթե պարոն Նավասարդյանը լրացուցիչ փաստարկներ է որոնում Մեդիամաքսի գլխավոր խմբագրի թեկնածության արգելումն արդարացնելու համար, կարող է այդ մասին ուղղակի ասել:

7. Բորիս Նավասարդյանն իր պատասխանում հիշատակում է նաեւ նախընտրական ժամանակահատվածում ԶԼՄ մոնիտորինգի նախագիծը, որին 2008 թվականին (3 տարի առաջ) «Մեդիաբրենդ Իմպեքս» ընկերությունը մասնակցում էր Echo Research բրիտանական ընկերության կապալառու` «Հանուն ժողովրդավարության» եվրոպական հիմնադրամի պատվերով: Այո, ես «Մեդիաբրենդ Իմպեքս» ընկերության համահիմնադիրն ու տնօրենն եմ, եւ այն 2008թ. փետրվարին աշխատել է նշված կազմակերպությունների հետ` իր ծառայությունների դիմաց ստանալով 8,550 եվրո:

Բորիս Նավասարդյանը գրում է, որ մոնիտորինգի մասին հիշատակում է որոնել «Հանուն ժողովրդավարության» եվրոպական հիմնադրամի կայքէջում, սակայն ոչինչ չի գտել: Պարզվում է, որ եվրոպական ոչ կառավարական կազմակերպության կայքէջում այս կամ այլն տեղեկատվության բացակայության հանգամանքն անմիջապես առնչվում է մեր բանավեճի թեմային: Որպես սփոփանք` պարոն Նավասարդյանին հայտնեմ, որ նախագծի մասին նա հեշտությամբ կարող է հիշատակում գտնել «Մեդիաբրենդ Իմպեքս» ընկերության կայքում` ռուսերեն եւ անգլերեն լեզուներով.

http://www.mediabrand.am/rus/projects/echo.html

http://www.mediabrand.am/projects/echo.html

Այնտեղ պարոն Նավասարդյանը եւ բոլոր հետաքրքրվողները կարող են ընթերցել, որ «2008թ. փետրվարին МеdiaBrand գործակալությունը նախընտրական քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում հանդես է եկել որպես ECHO Research հայտնի բրիտանական ընկերության տեղական գործընկեր` ՀՀ տպագիր եւ էլեկտրոնային ԶԼՄ-ների մոնիտորինգի անցկացման գործում: ECHO Research-ի փորձագետները վերլուծել են МеdiaBrand-ի մասնագետների կողմից Լոնդոնում ftp-սերվերի վրա բեռնված 743 հեռուստասյուժե, ռադիոռեպորտաժ եւ թերթերի հոդված` հանգելով այն եզրակացության, որ դրանցից 630-ը կրել են անկանխակալ բնույթ»:

Դեռ 3 տարի առաջ ECHO Research-ի բաժնի վարիչ Քարեն Պրիչարդը մեկնաբանել էր հաշվետվության ոչ հավաստի լինելու վերաբերյալ հայտարարությունները եւ Բորիս Նավասարդյանի այս խոսքերը. «Մենք բազմիցս նշել ենք, որ թերթերն ավելի ազատ են իշխանությունների ճնշումից, քան էլեկտրոնային ԶԼՄ-ները, եւ չի կարելի համեմատել մամուլի այդ բացարձակ տարբեր տեսակները: Դա նույնն է, եթե խառնես նարինջը տանձի հետ»:

«Ռադիոն, հեռուստատեսությունն ու տպագիր ԶԼՄ-ները տարբեր են, սակայն նրանք բոլորը հանդիսանում են զանգվածային լրատվության միջոցներ: Մեր ստացած պատվերի իմաստը ԶԼՄ ազատության գնահատումն էր, եւ մենք հաշվետվության մեջ ներկայացրել ենք այն, ինչ արձանագրել ենք: Մեր կարծիքով, ՀՀ տպագիր ԶԼՄ-ներն ունեն ազատության բարձր մակարդակ, իսկ հեռուստատեսությունն ավելի շատ է ենթակա կառավարության ազդեցությանը: Վստահ եմ, որ մենք բացարձակ այլ պատկեր կստանայինք, եթե անցկացնեինք նաեւ բլոգների դիտարկում: Բազմիցս հայտարարել ենք նաեւ, որ 7 օրը կարճ ժամկետ է մոնիտորինգի անցկացման համար, սակայն այն հանգամանքը, որ ԶԼՄ-ները կարող են հրապարակել խիստ քննադատական հոդվածներ, չնայած «ինքնագրաքննությանը», որը, մեր տեղեկություններով, առկա է Հայաստանում, վկայում է երկրում ԶԼՄ-ների ազատ արտահայտվելու հնարավորության մասին: Մենք կարծում ենք, որ ունենք հիանալի մեթոդաբանություն գլոբալ մեդիա-վերլուծության համար եւ հանդես ենք գալիս որպես փորձագետներ Մեծ Բրիտանիայի դատարաններում»,- ասել էր Քարեն Պրիչարդը:

Դժվար է հասկանալ` ինչու է Բորիս Նավասարդյանը հիշել եռամյա վաղեմության նախագիծը: Կրկին փաստարկնե՞ր են պետք եկել Դավիթ Ալավերդյանի թեկնածության արգելումը արդարացնելու համար: Սակայն եթե նա ասելիք ուներ «Մեդիաբրենդ Իմպեքս» ընկերությանը, ինչո՞ւ էր 3 տարի սպասում: «Բարեսրտությունից» ելնելո՞վ: Դժվար է հավատալ: Սակայն եթե ԵՄԱ-ի նախագահը դեռ անհամաձայնություններ ունի ECHO Research-ի հետ եւ նրանց արտադրանքը բացեիբաց «կեղծ» է անվանում, ահա նրանց տվյալները` http://www.echoresearch.com: Սակայն ի՞նչ կապ ունեն Մեդիամաքսը, նրա գլխավոր խմբագիրն ու Տեղեկատվական վեճերի խորհուրդը: Թե՞ պարոն Նավասարդյանը վերջին 3 տարիներ ընթացքում այնպես էլ չի կարողացել «մարսել» այն փաստը, որ ինչ-որ մեկը համարձակվել է կասկածի տակ դնել այն «աքսիոման», որ Հայաստանում նախընտրական ժամանակահատվածում օբյեկտիվ դիտարկում է անցկացնում բացառապես ԵՄԱ-ն:

8. Հետգրության մեջ ԵՄԱ-ի նախագահը գրում է, որ ես նրան առաջարկել եմ դառնալ մեր սյունակագիրներից մեկը: Իսկապես առաջարկել եմ: Սակայն մենք ընդհանուր հայտարարի չեկանք հետեւյալ հարցում. ԵՄԱ-ի նախագահը առաջարկեց, որպեսզի մեզ մոտ նրա հեղինակային սյունակների տեսքով ներկայացվեն այն նյութերը, որոնք նախապես կհրապարակվեն ԵՄԱ-ի բլոգում` իրենց պաշտոնական կայքում: Ես ասացի, որ մենք ցանկանում ենք մեր ընթերցողներին առաջարկել եզակի բովանդակություն, եւ համագործակցության առաջարկված ձեւաչափը դժվար թե ընդունելի լինի մեզ համար: Իսկ հիմա պարզվում է, որ իրականում ԵՄԱ-ի նախագահը ցանկացել է «մի որոշ ժամանակ հետեւել»:

9. Կարծում եմ, որ Բորիս Նավասարդյանն այնքան էլ լավ չի հասկացել իմ սյունակի հիմնական ասելիքը: Ես գլխավորապես ցանկանում էի ընթերցողների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Տեղեկատվական վեճերի խորհուրդը ստեղծվում է, իմ կարծիքով, ոչ թափանցիկ պայմաններում: ԵՄԱ-ի նախագահի եւ ՏՎԽ-ի պատասխաններից հետո ինձ մոտ առաջացած հարցերի քանակը չպակասեց: Ավելին, պարզվում է, որ նորաստեղծ մարմնի անդամներից մեկը գերադասում է ոչ թե բանավիճել թեմայի շուրջ, այլ փորձում է «մեղքեր» փնտրել ընդդիմախոսի կենսագրության մեջ: Պարոն Նավասարդյան, բոլորս սխալական ենք, սակայն ես ներդաշնակ եմ ինքս ինձ հետ, շատ լավ գիտեմ` ինչ եմ անում եւ ինչ եմ ուզում այս կյանքում: Ինձը եւ Ձեզ եմ ցանկանում»:

Լուսանկարը՝ Bravo.am