Համաներումը մարդասիրական քայլ է, որը ներքաղաքական լարվածությունը կթուլացնի, ինչպես նաև կթեթևացնի ՔԿՀ-ները: Այս մասին հինգշաբթի` մայիսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը: Նա նաև նշել է, որ համաներման համար պարարտ հող է հանդիսացել Քրեական օրենսգրքի վերջին օրենսդրական բարեփոխումները:
Հանդիպմանը ներկա «Ժառանգություն» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խոսքերով, համաներումների հաճախականությունը պայմանավորված չէ ՀՀ իշխանությունների հումանիստական մղումներով և հասարակության համար բարիք գործելու ցանկությամբ. «Իրականում սա շատ վատ օրից է գալիս: Եվ վատը կայանում է նրանում, որ 2006 թվականին փոփոխություն տեղի ունեցավ այն օրենքների մեջ, որոնցով նախատեսվում էր պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքն իրացնելը: Նախագահի կարգադրությամբ ստեղծվեց մի հանձնաժողով, որը արհեստականորեն խոչընդոտում էր մարդկանց պայմանական վաղաժամկետ ազատվելու իրավունքին»:
Փոստանջյանը տեղեկացրել է, որ այսօր բանտախցերը գերծանրաբեռնված են և, օրինակ բերելով Նուբարաշեն ՔԿՀ-ն, ասել է, որ այդ հիմնարկը նախատեսված է 800 կալանավոր ունենալու համար, սակայն այնտեղ այս պահին պահվում են 1300 կալանվոր:
Պատգամավորը նաև նշել է, որ համաներումը ինչ-որ չափով կմեղմի իրավիճակը, բայց սա չի նշանակում որ համաներմամբ խնդիրները կլուծվեն: «Եթե մենք չենք ունենալու արդար դատական համակարգ, ապա մեկ տարի հետո այդ գերծանրաբեռնվածությունը նորից լինելու է»,- ասել է Զարուհի Փոստանջյանը:
Նրան ի պատասխան Կարինե Աճեմյանը կոչ արեց Փոստանջյանին գնալ ԱԺ և քվեարկել համաներման համար: «Համաներումը դուք նախաձեռնել եք ձեր նախագահի հետ, դուք էլ կընդունեք այդ համաներումը»,- պատասխանել է Փոստանջյանը: