Թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) մոտ 500 անդամներ երեկ Ստամբուլում հարձակվել են «Սթար» օրաթերթի գրասենյակներից մեկի վրա: Նրանց խոսքով՝ դա պատասխան էր հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ «Սթարում» ազգայնականների դեմ տպագրված հոդվածին, գրում է Today’s Zaman-ը:
Հավաքվածները, կուտակվելով շենքի գլխավոր մուտքի մոտ, սկզբում կարգախոսներ են վանկարկել և հայհոյանքներ տեղացել թերթի աշխատակիցների հասցեին, իսկ հետո սկսել են կոտրել գրասենյակի ապակիները: Դեպքի վայր ժամանած MHP-ի Ստամբուլի տարածքային կառույցի ղեկավար Աբդուրռահման Բաշկանը փորձել է հանգստացնել ազգայնականներին՝ խոստանալով, որ «բոլոր այս վիրավորանքներին և գրոհներին» իրենք կպատասխանեն հունիսի 12-ի ընտրություններին: Նա նաև կոչ է արել իր համախոհներին «ազգայնականին արժանավայել պահվածք դրսևորել»:
Նշենք, որ իրադարձությունների հետևանքով ոստիկանությունը ստիպված է եղել հատուկ խմբեր տեղակայել «Սթար» պարբերականի Ստամբուլում գտնվող բոլոր շենքերի մոտ: