Կանայք երջանիկ թվացող տղամարդկանց սեքսուալ առումով նվազ գրավիչ են համարում, քան նրանց, ովքեր դեմքի հպարտ արտահայտությամբ են քայլում կամ էլ թեթև ամաչկոտությամբ, կարծես իրենք ինչ-որ բան այնպես չեն արել, կարծում են կանադացի գիտնականները:
Իրենց հետազոտությունների տվյալները հրապարակվել են ամերիկյան Emotion հոգեբանական ասոցացիայի ամսագրում, հայտնում է MIGnews.com-ը:
Փորձի մասնակիցներին հակառակ սեռի ներկայացուցիչների լուսանկարներ են ցույց տվել և արձանագրել են դեմքի տարբեր արտահայտությունների նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքը:
«Պարզվել է, որ ժպտացող տղամարդիկ բավական անհրապույր են թվում կանանց»,-ասել է հետազոտության ղեկավար Ջեսիկա Թրեյսին:
«Այսպիսով, մեր բացահայտումները վկայում են, որ եթե տղամարդիկ կարծում են, որ ժպիտը առավել սեքսուալ թվալու լավ գործիք է, փաստորեն սխալվում են»,- ասել է Թրեյսին:
Միաժամանակ տղամարդկանց արձագանքը ժպտացող կանանց նկատմամբ բոլորովին հակառակն է եղել:
«Ժպտացող կանայք, անշուշտ, շատ գրավիչ են: Ժպիտը կնոջ դեմքի ամենագրավիչ արտահայտությունն է»,- հավելել է նա:
Հետազոտողները խոստովանում են, որ պատասխան չունեն այն հարցին, թե ինչու են տղամարդիկ և կանայք այդքան տարբեր կերպով արձագանքում ժպիտին: Հնարավոր է, որ լայն ժպիտը չափազանց կանացի կերպար է ձևավորում և խոսում է սեքսում քմահաճ լինելու մասին: