Home / Հայաստան / Տիեզերական խաղ Լոնդոնում. «Բարսելոնան»՝ համաշխարհային ֆուտբոլի լավագույն նմուշ

Տիեզերական խաղ Լոնդոնում. «Բարսելոնան»՝ համաշխարհային ֆուտբոլի լավագույն նմուշ

Եվրոպական ակումբային ֆուտբոլի պատմության ընթացքում շատ չեն եղել թիմերը, որոնք բացարձակ ուժի դիրքերից են հանդես եկել: 50-ականների վերջի Մարդիդի «Ռեալը», 70-ականների սկզբի «Այաքսը»՝ այս լեգենդար ակումբները իրենց խաղով, իրոք, ցնցել են ժամանակաշրջանը: Սակայն արդեն 21-րդ դարում` փոփոխված ֆուտբոլային շուկայի պայմաններում, դժվար էր պատկերացնել մի թիմ, որ կարող է ֆուտբոլային բոլոր գործոններով ավելի ուժեղ լինել իր բոլոր մրցակիցներից: Մի թիմ, որը պարզապես անհասանելի է, որը բացառիկ ֆուտբոլ է խաղում և որին արդեն իսկ անվանում են ակումբային ֆուտբոլի պատմության լավագույն նմուշ:

Մայիսի 28-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կատալոնյան «Բարսելոնան» ևս մեկ անգամ ապացուցեց, որ պարզապես անհասանելի է մրցակիցների համար:

Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ հանդիպման մեկ այլ մասնակից՝ «Մանչեսթեր Յունայթեդը», հավանաբար, այն թիմն է, որը կարող է դիմակայել կատալոնյան մեքենային, խաղից առաջ կարծում էին մասնագետները: «Յունայթեդն» ունի նման խաղերի մեծ փորձ, վետերան ֆուտբոլիստների և երիտասարդ աստղերի միասնություն, ինչպես նաև լեգենդար մարզիչ, ով, ինչպես գրում էին մասնագետները, դժվար թե երեք տարվա ընթացքում երկրորդ անգամ պարտվի «Բարսելոնային» եզրափակիչում: Ֆերգյուսոնը, գուցե, կկարողանար ինչ-որ բան մտածել, եթե դիմացինը ֆուտբոլային մեքենա լիներ, սակայն «Բարսելոնան» այսօր ֆուտբոլային հրթիռ է: Հետադարձ հայացք նետելով խաղի վրա՝  կարող ենք միայն փաստել, որ անգլիական ակումբը հաղթելու ոչ մի հնարավարություն չուներ: Մանչեսթերցիների հնարավորությունները զրոյական էին:

Զրոյական էին այն ժամանակ, երբ անգլիական ակումբը շատ ակտիվ սկսեց խաղը և 10 րոպե գնդակը մրցակցին չտվեց: Երկու տարի առաջ Հռոմում կայացած Լիգայի եզրափակիչում այս թիմերը նույն կերպ էին սկսել: Արդյունքում` «Բարսան» վստահ հաղթել էր: Պատմությունը կրկնվեց: Ուղիղ 10 րոպե հանդիպման մեկնարկից հետո «Բարսելոնան» վերցրեց գնդակը՝ այն այլևս չվերադարձնելու նպատակով:

Հետզետե մրցակցի տուգանային հրապարակի մոտ օղակը սեղմվում էր: Էդվին վան դեր Սարն ավելի հաճախ էր խաղի մեջ մտնում, իսկ Մեսսիի, Չավիի ու Վիլյայի գործողություններին Ֆերգյուսոնի տղաները արդեն չէին հասցնում հետևել: Եվ գոլը կայացավ. 27-րդ րոպեին Չավին կենտրոնում մտածելու տարածություն ստացավ և ոտքի ակնթարթային շարժումով տուգանային հրապարակի գծի մոտ գտավ միայնակ Պեդրոյին: Վերջինս երկար չմտացեց և գրավեց վան դեր Սարի դարպասի մոտ անկյունը:

Գոլից հետո «Բարսայի» ճնշումը շարունակվում էր: Բայց 7 րոպե անց պատասխան գոլ գրանցվեց: Խաղի տրամաբանության մեջ չմտնող գոլ էր, կրկնապատկերներն էլ ցույց տվեցին, որ գոլի հեղինակ Ռունիին փոխանցում կատարող Գիգզը գնդակը ստանալու պահին խաղից դուրս վիճակում էր գտնվում: Սակայն այդ գոլը կարևոր էր հանդիպման ինտրիգը պահելու համար, որովհետև, եթե առաջին խաղակեսում «Բարսան» ևս երկու գնդակ խփեր, ինչը հնարավոր էր, ապա երկրորդ խաղակեսն անիմաստ կլիներ: Իսկ երկրորդ խաղակեսը վերածվեց շոուի, որտեղ գործող անձը մեկն էր՝ «Բարսելոնան»:


Էդվին վան դեռ Սարն անվերջ փրկել չէր կարող: 40-ը բոլորած վետերանն անում էր ամեն ինչ իր տանջահար պաշտպաններին օգնելու համար, որոնց գլուխը պտտվում էր կատալոնացիների անվերջ փոխանցումներից: Մեսսի, Պեդրո, Չավի, Ինյեստա, Չավի, հանկարծ պաշտպանությունից հայտնված Աբիդալ կամ Դանի Ալվես, կրկին փոխանցում հետ և նորից նույն կարուսելը: Եվ, իհարկե, կարևորագույն պահին վերջին երկու տարիներին աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Մեսսին կտրուկ տեղաշարժվում է կենտրոն և մոտ 20 մետրից հարվածում: Հոլանդացի դարպասապահը հարվածի պահը չտեսավ, գնդակին էլ չհասավ՝ 2:1:

«Բարսելոնան» շարունակեց ճնշումը: Հաշիվը շատ ավելի խոշոր կարող էր լինել: Բայց 69-րդ րոպեին Դավիդ Վիլյայի հիանալի գոլից հետո կատալոնացիները ուղղակի հանգստացան:

Հարգեցին վետերաններին՝ վան դեր Սարին, Գիգգզին, Սքոուլզին, մեծ մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնին:

Պարզապես հարգեցին ֆուտբոլը, թեև երկրպագուներին մոտ 20 րոպեով զրկեցին իրենց տիեզերական խաղի հաճույքից: 3:1-ը լավ հաշիվ է` որոշեցին նրանք: Գավաթն էլ հաճույքով բարձրացրեցին: Եվ ողջ խաղի ընթացքում երևում էր, որ իրենք հաճույք են ստանում խաղացած ֆուտբոլից, հաճույք են ստանում այդ ֆուտբոլը երկրպագուներին նվիրելուց:

Եվ ակամա հիշվեց 2003 թվականի «Միլան»-«Յուվենտուս» եզրափակիչը, երբ թիմերը 120 րոպեի ընթացքում գրեթե պահեր չստեղծեցին և ամեն ինչ վճռեցին 120 րոպեում: Ոմանք փորձեցինք այդ խաղը որպես «մեծ եզրափակիչ» որակել՝ վկայակոչելով հանդիպման լարվածությունը և եզրափակիչներին բնորոշ անզիջուն պայքարը:

Դժվար թե իսկական ֆուտբոլասերը մայիսի 28-ի ֆուտբոլը կփոխի նման լարվածության հետ: Որովհետև «Բարսելոնային» կարելի է չերկրպագել, բայց այդ ֆուտբոլով իսկական ֆուտբոլասերը չի կարող չհիանալ:

Այս խաղից հետո բոլորը հասկանում էին՝ ով է ուժեղ: Թե հաղթողները, թե պարտվողները:

«Իմ մարզչական կարիերայի ընթացքում, սա լավագույն թիմն է, որին ես հանդիպել եմ», – հետխաղյա մամուլի ասուլիսին ասաց սըր Ալեքս Ֆերգյուսոնը: Իր գրեթե 40-ամյա մարզչական կարիերայի ընթացքում Ֆերգյուսոնը տասնյակ աստղային թիմերի է հանդիպել, և այս գնահատականը կարելի է լավագույն գովեստը համարել «Բարսելոնայի» հասցեին:

Իսկ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները ցանկանում էին իրենց մարզչին՝ Պեպ Գվարդիոյաին հասցնել մինչև տիեզերք:

Լուսանկարները՝ Getty Images